«Հանգստացեք. անհնար է, դա երբեք չի լինելու». Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ ադրբեջանցի պատվիրակին

Ադրբեջանցի խորհրդարանական Սեիդ Սեիդովը հարցրել է Հայաստանի նախագահին Խոջալուի դեպքերի և ՄԱԿ բանաձևերի մասին։ Սեիդ Սեիդովը կոշտ պատասխան է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Ադրբեջանն ուզում է առավելագույնը, բացահայտ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղն իրեն պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու: Համոզված եմ` Լեռնային Ղարաբաղի պայքարը չի կարող դրական ելք չունենալ:

Սա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի`ադրբեջանցի պատվիրակի հարցի պատասխանի մի մասն էր։

Ադրբեջանցի պատվիրակը, խիստ ոգևորված ու բարձր տոնով, Սերժ Սարգսյանին հարցրեց, թե ինչու իր ելույթում նա չանդրադարձավ «Խոջալուի ցեղասպանությանը»։

Սերժ Սարգսյանը շատ հանգիստ պատասխանեց. «Նախ` Ձեզ խնդրում եմ մի քիչ հանդարտ լինել, հանգստանալ և իմ խոսքերը չխեղաթյուրել:

ԼՂՀ հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելը կեղծ անկողմնակալություն է. Սարգսյան

Ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել, ես մասնակիցն եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին: Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ Դուք ցեղասպանություն եք համարում` շատ պարզ պատճառով։ Որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը շատ հանգամանորեն և շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները»:

ՀՀ նախագահը նշեց, որ ցեղասպանությունը լավ բան չէ, այն պատիվ չէ, այլ տանջանք է, և զարմանալի է, որ Ադրբեջանը ուզում է ունենալ այն, ինչ ունեցել է Հայաստանը:

«Ձեր ինչի՞ է պետք մի բան անվանել ցեղասպանություն, որը երբեք չի եղել, հատկապես` հայերի կողմից: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներում մեր ստանձնած պարտավորությունների կատարմանը, ապա Դուք սխալվում եք, չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ադրբեջանցի պատվիրակն իր հարցում հիշատակել է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։ Դրա հետ կապված`Սերժ Սարգսյանը խորհուրդ է տվել թեմայի մեջ ընկղմվել ամբողջովին։

Մինչև գարուն հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են ճանաչվելու. Սարգսյան

«Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին: 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է 4 բանաձև ԼՂ-ի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և ամեն բանաձևից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնում ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, բայց ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ: Այդ 4 բանաձևերում Հայաստանի միակ հանձնառությունը եղել է օգտագործելով իր ազդեցությունն ու հեղինակությունը՝ դադարեցնել ռազմական գործողությունները: Մենք, ի պատիվ մեր այն ժամանակվա իշխանությունների, կատարել ենք այդ պարտավորությունը,իսկ ամենաառաջին պատասխանատուն՝ Ադրբեջանը, որ պետք է դադարեցներ ռազմական գործողությունները, չի դադարեցրել, և ինչպես գիտեք 1994-ին ստորագրվել է հրադադարի պայմանագիր, բայց արդեն այլ գործողությունների ազդեցության տակ, ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի։ Հրադադարի պայմանագրում ամրագրված դրույթները չեն կատարվում. այնտեղ հստակ ամրագրված է, որ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, իսկ քաղաքական լուծումների համար պետք է բանակցային մեծ գործընթաց սկսել»,–նշել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը ադրբեջանցի պատվիրակին հիշեցրել է, որ իրենք առավելագույնն ու անհնարինն են ուզում։

«Ինչպես երևաց Ձեր խոսքերից, Դուք առավելագույնն եք ուզում, Դուք անհնարինն եք ուզում, Դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը։ Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի: Անհնար է, դա երբեք չի լինելու, Լեռնային Ղարաբաղի պայքարի էությունը շատ պարզ է, դա պայքար է ազատության համար, պայքար է ինքնորոշման համար, և այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ, ես համոզված եմ»,-հայտարարել է նախագահը։