Նյու Յորքի բիթքոինային գործարարը գործընկերներ է փնտրում Երևանում

Bitcoin Center NYC –ի տնօրեն Նիք Սպանոսը Երևանում մանրամասն ներկայացրել է, թե ինչ է իրենից ներկայացնում կրիպտոարժույթը։ Հայաստանում Սպանոսը ցանկանում է հանդիպել ծրագրային ապահովում մշակողների և ֆինանսիստների հետ, որոնք ուզում են համագործակցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Կրիպտոարժույթի մեծ առավելությունների մասին տեղեկատվությունը պետք է հասցնել հասարակությանը։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Bitcoin Center NYC–ի տնօրեն և հիմնադիր Նիք Սպանոսը։

Ապագայում ընկերությունը պատրաստվում է ստեղծել կրիպտոարժույթների բորսա։

Հայաստանում Սպանոսը նախատեսում է հանդիպել ֆինանսիստների և ծրագրային ապահովում մշակողների հետ, որոնք հետաքրքրված են համագործակցությամբ։

Աշխատավարձային աութսայդեր. ինչու է հայը 19 եվրոյով լավ ապրում ադրբեջանցուց

«Նյու Յորքում մենք արդեն բանկոմատներ ենք առաջարկում բիթքոինի համար։ Մենք ապացուցում ենք, որ կրիպտոարժույթներով գործարքները կարող են համապատասխանել ճանաչիր քո հաճախորդին պահանջին, որն ընկած է ԱՄՆ–ի բանկային համակարգի հիմքում։ Մեր բանկոմատի միջոցով բիթքոին գնելու համար պետք է ունենալ վարորդական իրավունքի վկայական (ԱՄՆ–ում այն օգտագործում են նաև որպես ID–քարտ, խմբ.)։ Ընդ որում` մենք միացած ենք իրավապահ մարմիններին տվյալների բազային։ Եվ եթե դրանցից մեկում նա հայտնվի որպես հանցագործ կամ ահաբեկիչ, ապա մենք մերժում ենք գործարքը», – ասաց Սպանոսը։

Նշենք, որ աշխարհում կրիպտոարժույթները չեն կարգավորվում (բացառություն է Չինաստանը, որտեղ դրանք արգելված են)։ ԱՄՆ–ի իշխանությունները «ուշադիր զննում են», ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ–ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը։ Եվրասիական միությունում դրանց վերաբերյալ իրավական ակտեր չկան։ Coinatmradar կայքի տվյալներով` ԵԱՏՄ–ում արդեն մի քանի բիթքոին–բանկոմատներ կան` Կրասնոդարում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Ալմաթիում և Աստանայում։

Բիթքոինի ընդդիմադիրները պնդում են, որ այն ապահովված չէ ոչ մի ակտիվով։ Գործնականում այն մի շարք առավելությունն ունի։ Դրա էմիսիան խիստ սահմանափակ է. դրա բազային ալգորիթմում նշված է բիթքոինի վերջնական թիվը` ոչ ավել, քան 21 միլիոնը։ Առայժմ ապացույցներ չկան, որ այդ ալգորիթմը կարելի է փոխել։ Սովորական արժույթի չարաշահումներից ոչ ոք ապահովագրված չէ։

Մյուս կողմից, բիթքոինի հիմնադիրները չեն բացահայտում իրենց և ֆինանսական հաշվետվություն չեն հրապարակում։ Չի բացահայտվում նաև այն, թե ով է վերահսկում բիթքոինի մայներներին (անձանց խումբ, որոնք ստուգում են գործարքները)։ Եթե մայներների ավելի քան 51 տոկոսը միավորվի, նրանք կկարողանան չեղարկել ցանկացած գործարք` ըստ իրենց հայեցողության (այսպես կոչված` 51% attack)։ Այդ վտանգների մասին Սպանոսը նախընտրեց չխոսել։

Առաջիկա օրերին նա և իր գործընկերները մի շարք հանդիպումներ կանցկացնեն պոտենցիալ գործընկերների հետ։

Նշենք, որ աշխարհում շրջանառվում են հարյուրավոր կրիպտոարժույթներ։ Դրանցից խոշորագույնը Bitcoin–ը և Ethereum–ն են։ Coinmarketcap կայքի տվյալներով` կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիան կազմում է 551 միլիարդ դոլար (ճիշտ է, այդ արժեքի աուդիտ ոչ ոք չի անցկացրել)։