Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ֆրանսիա շարունակվում է։ Այդ այցի միջոցառումների ցուցակում ամենահետաքրքիրը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հանդիպումն է հունվարի 23-ին և հունվարի 24-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցելը, որն արդեն ընթանում է Ստրասբուրգում։
Մակրոնի հետ հանդիպումն ինքնին հետաքրքիր է, քանի որ երկու երկրները բավականաչափ շփման եզրեր ունեն միջազգային քաղաքական ասպարեզում` սկսած այդ երկրում հզոր սփյուռքով, վերջացրած նրանով, որ Ֆրանսիայի ներկայացուցիչն արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից է։
Սակայն պետք է հասկանալ, որ բարձրագույն քաղաքական մակարդակով հանդիպումը և բանակցությունները հազիվ թե սահմանափակվեն միայն այդ երկու, բայց իսկապես կարևոր հանգամանքներով։ Չէ՞ որ գոյություն ունի նաև յուրահատուկ քաղաքական դիրքորոշման հետ կապված ոլորտ, որում Հայաստանը հայտնվել է Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելուց հետո։
Հայաստանը միակ երկիրն է, որի փոխհարաբերությունները Եվրամիության անդամների հետ կարգավորվում են այդ համաձայնագրով, և միևնույն ժամանակ ԵԱՏՄ լիարժեք անդամ է։
Ֆրանսիան, որ վերջին շրջանում փորձում է ԱՄՆ-ից անկախ տնտեսական քաղաքականություն վարել, Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում պետք է գնահատի ԵԱՏՄ-ի հետ ևս մեկ կապուղու առկայությունը (Երևանի միջոցով)։
Այսպիսով, հավանականությունը մեծ է, որ Սարգսյանի և Մակրոնի բանակցությունները չսահմանափակվեն ընդամենը երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերով, առավել ևս, որ վերջին շրջանում պաշտոնական Փարիզը և Մոսկվան թեև երկչոտ, բայց կոնկրետ քայլեր են կատարել միմյանց նկատմամբ։
Ֆրանսիան միջազգային ասպարեզում արդեն մի քանի անգամ ասել է, որ լավ կլիներ` ինչ-որ ուղիներ լինեին, որոնք թույլ կտային թեկուզ մասամբ շրջանցել Արևելքի դեմ ուղղված պատժամիջոցների խնդիրը։ Ինչպես երևում է, այդ խնդիրն արդեն հոգնեցրել է եվրոպական որոշ երկրների։
Այդ առումով ԵԱՏՄ-ն ներկայացնող Հայաստանի հետ կապը կարող է օգտակար լինել Փարիզի համար, հատկապես Մակրոնի մոսկովյան այցի նախաշեմին (գարնանը)։ Ֆրանսիան չի էլ թաքցնում, որ Ռուսաստանին դիտարկում է ինչ-որ առումով այլընտրանք, հակակշիռ` ԱՄՆ-ի կամ Բրիտանիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կայունությունը կորցնելու համատեքստում։
Բացի այդ, վերջերս միջազգային հանրությանը հասցեագրված լիովին կոնկրետ հայտարարություն է հնչել պաշտոնական Փարիզից` պատերազմից քայքայված Սիրիան վերականգնելու մասին, ինչը Ռուսաստանն ի զորու չէ մենակ անել։
Այս ամենը Սարգսյանի և Մակրոնի զրույցի լուրջ թեմա կարող է դառնալ։ Այսօր պարզ կդառնա, թե իրականում կշոշափվե՞ն արդյոք այդ հարցերը։ Արդեն հայտնի է, որ հանդիպումից հետո նախատեսվում է երկու երկրների առաջնորդների մամուլի ասուլիսը։