Փոքրիկ ուղերձ Էրդողանին. Մակրոնն ասել է` ինչու է Հայաստան գալիս

Ֆրանսիայի նախագահը մտադիր է 2018 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է Twitter-ի իր էջում` ինչի համար է մասնակցելու Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։

«Ես ներկա եմ լինելու 2018 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որպեսզի մեր ֆրանսալեզու քաղաքականությանը նոր խթան տամ», —գրել է Մակրոնը Twitter-ում։

Մեկնաբանություններում օգտատերերից մեկը հարցրել է Մակրոնին. «Փոքրիկ ուղերձ Էրդողանի՞ն, որպեսզի Թուրքիան վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»։

​Մակրոնն այս գրառումը հրապարակել է Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը` ֆրանկոֆոն երկրների բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ, տեղի կունենա Երևանում 2018 թվականին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ` գագաթնաժողովն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումն է լինելու։