Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահը, բանակցություններից բացի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման այլ ճանապարհ չի տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների շարքը չի դասվում, կարգավորումը համարձակ զիջումներ ու կոնկրետ գործողություններ է պահանջում, այսօր Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահի խոսքով` ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն կայուն չէ, ինչը խնդիր է առաջացնում։ Ըստ Մակրոնի` լուծումը բացառապես խաղաղ բանակցություններն են։

«Միայն երկխոսությունը կարող է նպաստել խնդրի երկարատև ու կայուն լուծմանը` հօգուտ տարածաշրջանի ժողովուրդների», — ասել է Ֆրանսիայի նախագահը։

Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ ղարաբաղյան բանակցություններում դրական տեղաշարժ կա, բայց կոնկրետ քայլեր է պահանջում ապագայում։

«Մենք լավ գիտակցում ենք, որ գործընթացը դեռ փխրուն է, իսկ տեղում իրավիճակն անկայուն է, ուստի բացարձակ անհրաժեշտություն է, որ այս երկխոսության վերսկսումը տանի կոնկրետ առաջընթացի», — ասել է Մակրոնը։

Փոքրիկ ուղերձ Էրդողանին. Մակրոնն ասել է` ինչու է Հայաստան գալիս

Հիշեցնենք, հունվարի 18-ին Կրակովում համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին հունվարի 17-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, հունվարի 18-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Հունվարի 18-ին համանախագահները հանդիպել են երկու արտգործնախարարների հետ։

Խորհրդակցության ընթացքում կողմերն ու համանախագահները կարծիքներ են փոխանակել հիմնական զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք ներկա պահին բանակցությունների սեղանին են դրված։