Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա. ծիծաղելի ՆԱՏՕ–ն ու քաղաքական բիզնեսը

Հայաստանը փոքր և ոչ շատ հարուստ երկիր է, որը գտնվում է ռազմական գործողություններին սահմանակցող տարածաշրջանում։ Պատմությունը Հայաստանին թշնամաբար տրամադրված հարևաններ է ժառանգել։ Այսպիսի երկիրը կարո՞ղ է սեփական անվտանգությունն ապահովել առանց որևէ մեկի աջակցության։ Պատասխանը, կարծես, ակնհայտ է, բայց պարզվում է`ոչ բոլորի համար ու ոչ միշտ։
Sputnik

Եվ այսպես, Թուրքիան սիրիական տարածք էր ներխուժել իրեն վաղուց խանգարող քրդերի հետ հաշիվները մաքրելու համար։ Այդ ներխուժման նախապատմությունն ու մարտական գործողությունների գոտու ներկայիս իրավիճակը մանրամասն լուսաբանել են համաշխարհային ԶԼՄ-ները, որոնք հիմա խոշորացույցով են հետևում տարածաշրջանին. բոլորին հայտնի փաստերը վերստին շարադրելու իմաստ չկա։

Սիրիական ծուղակ քրդերի համար. արդյո՞ք ԱՄՆ հատուկ ուժերը կհարվածեն թուրքական զորքերին

Հիմա խոսքն այլ բանի մասին է։ Անհավասարակշիռ պահվածքով հանդերձ` Էրդողանը (և նրա փոխարեն ցանկացած մարդ) զինված ներխուժում չէր սկսի առանց մանրամասն պատճառահետևանքային քարտեզի։ Իսկ բարդ ու բազմակողմանի հաշվարկների համար պետք է խորհրդակցել բոլոր այն կողմերի հետ, որոնք այս կամ այն կերպ շահագրգռված ու ընդգրկված են իրադարձությունների մեջ։

Թուրքական ներխուժմանն աջակցել են, եթե չեմ սխալվում, միայն Ադրբեջանն ու Կատարը և այդ կարգի էլի ինչ-որ երկրներ։ Մյուսները, եթե չէին աջակցել Թուրքիայի նկրտումներին, ապա առանձնապես դեմ էլ չէին։ Ֆրանսիան կոչ արեց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ գումարել, որը ոչ մի բանաձև չընդունեց, իսկ բոլոր ազդեցիկ կողմերը, այդ թվում նաև նրանք, ովքեր ավելորդ համեստությունից չեն տառապում, գնահատականների հարցում շատ զգույշ եղան։ Բոլորը, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի` իրենց անկարողությամբ ծիծաղելի գործընկերները, քաղաքակիրթ կերպով Թուրքիային խորհուրդ տվեցին չափը չանցնել։ Եվ վերջ։

Իհարկե, մտահոգությունները շատ են, քանի որ հիմքեր կան մտածելու, որ թուրքական կանոնավոր բանակի հետ քրդերի դեմ կռվի են դուրս եկել նաև «Իսլամական պետության» (արգելված է ՌԴ-ում ու մի շարք այլ երկրներում) ներկայացուցիչներն ու այլ թափթփուկներ։ Կա ևս մի հանգամանք. Աֆրինի շրջանը բավականին խիտ է բնակեցված, ու այնտեղ բազում խաղաղ բնակիչներ կան, իսկ թե ինչպես են Թուրքերը վարվում խաղաղ բնակչության հետ, հայտնի է ոչ միայն հայերին։

Ու պետք չէ ասել, որ օսմանյան ենիչերիների հոգեբանությունը հարուրամյակ անց մոտեցել է քաղաքակրթությանը։ Մոլեգնած թուրք յաթաղանը ֆիզիկապես հնարավոր չի լինի կանգնեցնել, նույնիսկ եթե այդպիսի ցանկություն առաջանա։

Թուրքական զրահամեքենաները ներխուժել են սիրիական Աֆրին քաղաք

Ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ կարելի է եզրակացություններ անել. նոթատետրում որոշ փաստեր գրել` չմոռանալու համար։ Հիշենք, օրինակ, ինչպես էին մեզ մոտ վերջերս պահանջում դուրս հանել ռուսական խաղաղապահ զորքն ու ռազմակայանը` հիմնավորելով, որ Հայաստանը կարող է սեփական ուժերով պահպանել իր սահմանը։

Այո, կարող է, բայց միայն Ադրբեջանի դեպքում։ Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, չէ՞ որ ակնհայտ է, որ Հայաստանը չի կարողանա պայքարել թուրքական ռազմական մեքենայի դեմ։ Կասեք` թուրքական սպառնալիք չկա՞։

Այն էլ ինչպես կա, ու Սիրիայի իրադարձություններն ապացուցում են, որ այդ սպառնալիքը լիովին իրական է։ Չէ՞ որ եթե Թուրքիային հաջողվի ամրապնդվել այն տարածաշրջաններում (իսկ թուրքին շատ դժվար է դուրս անել, հատկապես եթե նա անկոչ հյուր է), որտեղ մտել է, վաղ թե ուշ կհիշի իր ազգի երկրորդ պետության մասին։ Ու կսկսի լուծել նրա «չլուծված խնդիրները»։ Կարծում եմ` որևէ մեկը չի մտածում, որ ղարաբաղյան հարցում Թուրքիան կաջակցի Հայաստանին։

Ու եթե, ասենք, Հայաստանը հույսը դնի իր վրա` առանց դաշնակիցների ու մեջքին կանգնած ռազմական դաշինքների… Մեզ մնում է միայն հուսալ, որ Թուրքիան երկար ժամանակ «կմնա» Սիրիայում։ Բայց նախ ցանկացած «երկար ժամանակը» վաղ թե ուշ ավարտվում է, հետո էլ այդ «երկար ժամանակը» լինելու է Սիրիայի խաղաղ բնակչության տառապանքների հաշվին։ Այդ փաստը գիտակցելիս` ցանկությունը կորչում է։

Չենք կարող մտածել նաև, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ներկայիս իրարանցման նպատակներից մեկը Թուրքիային ապակայունացնելն ու մասնատելն է։ Սա ֆանտաստիկայի ժանրից է։ Ամեն դեպքում` առայժմ։

Այնպես որ հաստատ չարժե մտածել, որ Թուրքիային` Էրդողանի գլխավորությամբ, թե առանց նրա, կկանգնեցնեն, օրինակ, ՆԱՏՕ-ի գործընկերները։ Չեն կանգնեցնի մի պարզ պատճառով. Թուրքիան ավելի կարևոր է։

Ոչ մի անձնական բան, պարզապես բիզնես։