Կարեն Կարապետյան գիտի` որն է Հայաստանում բիզնես վարելու լավագույն ժամանակը

Հայաստանի կառավարության հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնեսի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ժամանակակից, շահավետ և արդյունաբերական գյուղատնտեսություն ստեղծելուն: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Դրանք են նոր ինտենսիվ այգիների ու ջերմոցների ստեղծումը, կաթիլային ոռոգման համակարգերի և պետական աջակցության գյուղատնտեսական լիզինգային ծրագրի անցումը, նաև շատ մատչելի պայմաններով վարկերը, հակակարկտային պաշտպանական համակարգերը, որոնք պետք է աստիճանաբար տարածվեն ամբողջ հանրապետությունում: Բնականաբար, այս ամենը չի կարող չանդրադառնալ Ռուսաստան արտահանվող ապրանքի վրա, որի ծավալները դինամիկ աճում են», — ասել է նա:

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին` բիզնեսի զարգացման նոր հարթակ. տեսանյութ

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա, ըստ Կարապետյանի, դրանք հիմնականում կապված են Վերին Լարսով իրականացվող բեռնափոխադրումների հետ:

«Հիմնականում տեխնիկական խնդիրներ են` եղանակային պայմանների և սեզոնային ծանրաբեռնվածությունների հետ կապված: Այժմ քննարկվում են բեռնափոխադրումների այլընտրանքային տարբերակները: Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում տարբեր ցուցահանդեսներում հայկական ապրանքների ներկայացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, ինչը նույնպես նպաստում է արտահանման աճին և նոր շուկաներում հայտնվելուն», — ասել է ՀՀ վարչապետը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի կառավարության հիմնական նպատակներից մեկը երկրում բիզնեսի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելն է:

«Կարող եմ հավաստիացնել, որ այժմ Հայաստանում բիզնես վարելու համար լավագույն ժամանակն է», — ասել է Կարապետյանը:

Նա վստահեցրել է, որ անցած տարվա վերջին հայ-իրանական սահմանին բացված «Մեղրի ազատ տնտեսական գոտին» նույնպես լավ հարթակ է ռուսական բիզնեսի ու կապիտալի համար։