Էրդողանը կոպտեց ԱՄՆ–ին. հիշեք ձեզ Իրաքում ու Աֆղանստանում

Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ ամերիկացիները մինչ օրս չեն հեռացել երկու մերձարևելյան երկրներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Թուրքիան կավարտի ռազմական գործողությունները Աֆրինում միայն իր առջև դրված նպատակներին հասնելուց հետո, հայտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Բացի այդ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, թուրք առաջնորդը քննադատություններ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեին` ի պատասխան ռազմական գործողությունների մասշտաբները «սահմանափակելու» Վաշինգտոնի կոչին։

Սիրիական ծուղակ քրդերի համար. արդյո՞ք ԱՄՆ հատուկ ուժերը կհարվածեն թուրքական զորքերին

«ԱՄՆ մեզ ասում է, որպեսզի սահմանափակենք ժամկետները։ Հարցնում եմ` իսկ Աֆղանստանում, Իրաքում ձեր ժամկետներն ավարտվե՞լ են։ Դուք դեռ այնտեղ եք։ Դա մաթեմատիկորեն չի հաշվարկվում։ Երբ մեր աշխատանքն ավարտենք, նպատակներին հասնենք այնտեղ ` գործողությունները կավարտվեն, և մենք կհեռանանք», – հայտնել է Էրդողանը, վստահեցնելով, որ գործողությունների նպատակը ոչ թե ուրիշների հողերի զավթումն է, այլ ահաբեկչության դեմ պայքարը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հունվարի 20-ին սկսել է իրականացնել «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը։ Անկարայի պնդմամբ` այն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին։

Գործողությունների շրջանակում թուրքական ավիացիան հարձակում էր գործել քրդական զորամիավորումների վրա, իսկ ավելի ուշ ցամաքային գործողություններ արել։ Ընդ որում` Թուրքիան համագործակցում է Սիրիայի ընդդիմադիր Ազատ Բանակի Զինվորական խորհրդի հետ։

Հայտնում էին, որ նրանք միասին 5 կմ առաջ են շարժվել դեպի Աֆրինի խորքերը։