Փարիզի քաղաքապետարանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ուրախ լուր է հայտնել

Ֆրանսիան Հայաստանի հետ շատ ընդհանրություններ ունի, իսկ այժմ դրանք ավելի շատ կլինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Փարիզում Երևանի «Թումո» դպրոցի նման ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է բացվելու։ Այդ մասին Twitter–ի իր պաշտոնական էջում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հունվարի 22-ին գրել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն։

Հայաստանին ու Ֆրանսիային կապում են ընդհանուր անցյալն ու ընդհանուր արժեքները։ Այսօր երկրները միասին ապագա են կառուցում, որը հիմնված է նույն արժեքների վրա, նշել է Ան Իդալգոն` ընդգծելով, որ բարի կամքի և ապագայի ձգտման խորհրդանիշ է Փարիզում հայկական դպրոցի նման նոր դպրոցի բացումը։ Ֆրանսիացի մասնագետները Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ «Թումո» էին այցելել 2016 թվականի հոկտեմբերին։

Նշենք, որ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Փարիզ։

Հանրապետության նախագահն այցի շրջանակում հունվարի 22-ին և 23-ին հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ։ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ: