Բաքվի զիջումն Արցախի հարցում. Ադրբեջանը Հայաստանին ներքաշում է հիբրիդային պատերազմի մեջ

Ադրբեջանի իշխանությունները փորձում են «զիջման» գնալ Արցախի հարցով բանակցություններում` հակամարտությունը տեղափոխելով տեխնոլոգիական դիմակայության ոլորտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Արցախի հակամարտության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների արդյունքները Բաքվում ընկալվել են որպես հետ նահանջ, Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հունվարի 18-ին Կրակովում համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են տվել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման վերաբերյալ վերանայված փաստաթղթին։

Լարվածություն շփման գծում. հակառակորդն անօդաչու թռչող սարքից կիրառել է ականանետի արկ

«Իմ կարծիքով` Նալբանդյան–Մամեդյարով հանդիպման արդյունքներն Ադրբեջանում գնահատվել են որպես իրենց կողմից արված հետքայլ, զիջում հայկական կողմին։ Չէ՞ որ, փաստորեն, պայմանավորվել են շփման գծում հսկողությունն ուժեղացնել, իսկ դա ցավալի թեմա է Բաքվի համար», – ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` այդ հարցի շուրջ արդեն երրորդ տարին ընթանում են բանավեճեր. սկզբից Ադրբեջանը համաձայնում է, հետո` խախտում։

Հակոբյանը կարծում է, որ անօդաչու թռչող սարքերից Ադրբեջանի հարվածները խոսում են այն մասին, որ Բաքուն ցանկանում է Արցախի իրավիճակը տեղափոխել տեխնոլոգիաների հակազդեցության ոլորտ։

Ավելի վաղ Արցախի ՊՆ–ը հաղորդել է արցախյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից երկու անօդաչու թռչող սարքեր կիրառելու մասին, որոնք ական և ինքնաշեն ռումբ են նետել հայկական դիրքերի վրա։ Հարձակման արդյունքում ոչ ոք չէր տուժել։

«Անօդաչու թռչող սարքերի ընտրությունը` որպես զենք, պատահական չէ։ Բաքուն փորձում է ցույց տալ, որ այդ ոլորտում նա առավելություն ունի, ամեն դեպքում նրանք այդպես են կարծում», – ասաց Հակոբյանը։

Նա կարծում է, որ հերթական անգամ Ադրբեջանն ակնարկում է, որ ներկա ստատուս քվոն վերջնական չէ, անհրաժեշտության դեպքում նա կարող է օգտագործել իր տեխնոլոգիական առավելությունը։

Զավեշտ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից. ի՞նչ էր կիրառել երեկվա 2-րդ ԱԹՍ-ն հայկական դիրքերի ուղղությամբ

«Նրանց դիրքորոշումն այն է, որ ստատուս քվոն ժամանակավոր երևույթ է, և քաղաքական իրավիճակը փոխելու դեպքում նրանք կարող են փոխել այն», – ասաց Հակոբյանը։

Իր հերթին, Երվանդ Բոզոյանը կարծում է, որ 2014թ–ի ամռանից սկսած Ադրբեջանը «հյուծիչ հիբրիդային պատերազմ» է սկսել։

«Այդ գործընթացն ընթանում է` անկախ բանակցությունների ընթացքից։ Հաճախ Բաքուն նման գործողություններով ցույց է տալիս, որ դժգոհ է բանակցային գործընթացից։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հիշեցնել համանախագահներին, որ ներկա ստատուս քվոն չի կարող պահպանվել, և Բաքուն թույլ չի տա դա», – ասաց Բոզոյանը։

Նրա կարծիքով` Ադրբեջանը ցույց է տալիս, որ եթե համանախագահներն արդյունավետ քայլեր չձեռնարկեն բանակցություններն ավարտելու համար, կարող է նոր պատերազմ ծագել, ինչը, հաստատ, նրանց շահերից չի բխում։

Այդ քայլերը հասկանալի և տրամաբանական են Ադրբեջանի շահերի տեսանկյունից։ Բոզոյանը չի կարծում է, որ բանակցությունների առկայությունը կամ բացակայությունն արմատապես կազդի Բաքվի քաղաքականության վրա։

Մյուս կողմից, քաղաքագետն անիմաստ չի համարում ԱԳՆ ղեկավարների և նախագահների հանդիպումները։

«Եթե դրանք դադարեն, պատերազմի վերսկսման վտանգը զգալիորեն կաճի։ Հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ խնդրի, իսկ դա չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ համանախագահների շահերից», – ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` այդ բանակցությունները, թեկուզ մասամբ, հանում են լարվածությունը շփման գծում։ Տեղի ունեցող միջադեպերը կարող էին տասն անգամ ավելի ծավալուն լինել առանց բանակցային գործընթացի։