Մեդվեդևայի հայկական արմատները կփրկեն նրան. անկում չի սպասվում. մարզիչ

Նրան հաջողություն կբերեն հորից` Արման Բաբասյանից ժառանգած հայկական արմատները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Մեդվեդևան հայկական արմատներ ունի, նրան անկում չի սպառնում։ Այդ մասին RT–ին տված հարցազրույցում հայտնեց պարեր սառույցի վրա Օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող, մարզիչ Ալեքսանդր Ժուլինը` մեկնաբանելով Մոսկվայում տեղի ունեցած գեղասահքի Եվրոպայի առաջնության արդյունքները։

Մրցակիցներից մեծ հաշվով առաջ անցան երկու ռուս գեղասահորդներ` Ալինա Զագիտովան և Եվգենիա Մեդվեդևան։ Մրցավարները փոքր տարբերությամբ նախապատվությունը տվեցին 15-ամյա Զագիտովային։

«Գեղասահորդուհի Մեդվեդևան (Բաբասյան) կարող է օլիմպիադայի առաջատարը դառնալ». Ավերբուխ

Նման հաջողության հասնելն Օլիմպիադայի նախօրեին շատ նման է Յուլիա Լիպնիցկայայի անցած ուղուն, որը դեռ 16 տարին չլրացած օլիմպիական չեմպիոն դարձավ, սակայն հետո նրա արդյունքներն իջան։

Սակայն Ալինայի և Եվգենիայի համար Ժուլինը հանգիստ է. հայկական և թաթարական գեները նրանց ամրություն կհաղորդեն, համոզված է նա։

«Չէ՞ որ նա թաթարի ազգանուն ունի, իսկ բոլոր թաթարները շատ տոկուն բնավորություն ունեն։ Նրան (Զագիտովային) հաստատ Լիպնիցկայայի ճակատագիրը չի սպառնում։ Մեդվեդևան էլ հայկական արմատներ ունի, նրան էլ ոչ մի վատ բան չի սպառնում», – ասում է Ժուլինը։

Նշենք, որ Մոսկվայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը Զագիտովան ոսկե մեդալ նվաճեց, իսկ Մեդվեդևան (Բաբասյան) արծաթե մեդալակիր դարձավ` կարճ ծրագրում զիջելով 1,7 միավոր։