Ութուջյանի ստորերկրյա քաղաքը. հայն իր գաղափարներով վարակեց ֆրանսիացիներին ու ամերիկացիներին

ԱՄՆ-ի և Ճապոնիայի խոշորագույն քաղաքների ստորգետնյա աշխույժ շրջանների, առևտրի կենտրոնների և կենդանաբանական այգիների կախարդանքի հայ վարպետին այդպես էլ չհաջողվեց իրականացնել մտածածը՝ կյանքի կոչել ստորերկրյա ուրբանիզացիայի գաղափարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. Հայտնի հայ ճարտարապետ և ինժեներ Էդուարդ Ութուջյանը հասցրեց կյանքի կոչել իր գաղափարներից միայն մի քանիսը՝ Սան Ֆրանցիսկոյի առևտրի կենտրոնը, ստորերկրյա կենդանաբանական այգին Բոստոնում և Օսակայի փորձառական բնակելի շրջանը, գրում է Մոսկվայի և ազգերի մշակույթի հայկական թանգարանի կայքը:

Էդուարդ Ութուջյանը ծնվել է 1905 թվականին Կոստանդնուպոլսում, ցինկագրաֆ Միհրան Ութուջյանի ընտանիքում: Ուսումը ստացել է Մխիթարյան միաբանության կաթոլիկ վարժարանում և ամերիկյան հեղինակավոր «Ռոբերտ-քոլեջում»: 20-ականների կեսերին մեկնել է Փարիզ և ոգեշնչվել փարիզյան մետրոպոլիտենով: Ինչն էլ հենց ստորգետնյա ուրբանիզացիայի մի շարք նախագծերի մշակման առիթ է դարձել: Նա բազմաթիվ ստորգետնյա ուրբանիզացիների հեղինակ է:

Проект архитектора Эдуарда Утуджяна

«Ութուջյանը երազում էր ստորերկրյա քաղաք կառուցելու մասին: Հաշվարկներ անում, հանդիպում նոր ճարտարապետության ականավոր գործիչներ Օգյուստ Պեռեի, Լե Կորբյուզեի հետ: 1933 թվականին մի քանի էնտուզիաստների հետ նա «Ստորերկրյա քաղաքաշինության ուսումնասիրման և համակարգման խումբ» (GEKUS) ստեղծեց», — գրված է նյութում:

Կազմակերպությունը ժամանակի ընթացքում միջազգային կազմակերպության կարգավիճակ ստացավ. այնտեղ աշխատում էին ավելի քան տասը երկրների լավագույն ինժեներները, ճարտարապետները, երկրաբանները, իրավաբանները, կենսաբանները, քիմիկոսները, գեոտեխնիկները:

Ութուջյանն ապագայի քաղաքը տեսնում էր ծառի տեսքով՝ արմատներ, բուն, սաղարթամաս: Որպես սաղարթամաս պետք է ծառայեին ստորգետնյա ենթակառուցվածքները, որտեղ կլինեին կենսագործունեության, տրանսպորտի օբյեկտները:

Նա կարծում էր, որ եթե երկրի մակերևույթից վերացնել այն շինությունները, որոնք այնտեղ ավելորդ են, դա թույլ կտա ընդլայնել կանաչ տարածությունները, նոր պուրակներ ու այգիներ հիմնել, ինչպես նաև մարզադաշտեր կառուցել:

Խումբը ստորգետնյա կինոթատրոնների, ավտակայանատեղերի, ապաստարանների նախագծեր մշակեց: Սակայն բոլոր առաջարկները մերժվեցին իշխանությունների կողմից: Ութուջյանին թույլ տվեցին միայն ստորգետնյա մաքրիչ կառույցների նախագիծ մշակել: Այդպես՝ 1936-1941 թվականներին Փարիզի համար ստեղծվեց աշխարհի ամենահզոր մաքրման կայանը:

«Անկախ նրանից, որ Ութուջյանի ու նրա համախոհների մանրակրկիտ մշակված առաջարկները հավանության էին արժանանում և նույնիսկ մրցանակներ ստանում, դրանք ստորգետնյա շինարարության զարգացման համար խթան չհանդիսացան», — գրված է նյութում:

30 տարի պահանջվեց, որպեսզի ստորերկրյա ուրբանիզացիայի գաղափարները, վերջապես, սկսեն կյանքի կոչվել: 1965 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզյան շենքն «աճեց» երեք ստորգետնյա հարկերով: Ավելի ուշ առևտրի կենտրոն կառուցվեց Սան Ֆրանցիսկոյում, ստորգետնյա կենդանաբանական այգի Բոստոնում, փորձառական բնակելի թաղամաս Օսակայում:

Իր գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն չունենալով՝ ճարտարապետը շրջագայում էր աշխարհով մեկ ու դասախոսություններ կարդում, զբաղվում վերգետնյա կառույցների նախագծմամբ ու շինարարությամբ՝ առանձնատներ, բնակելի տներ, հիվանդանոցներ, հասարակական շենքեր, գործարաններ և նույնիսկ օդանավակայաններ:

Նրա աշխատանքներից է նաև Ժնևի արվարձանի Տրուանեի «Սուրբ Հակոբ» հայկական եկեղեցու շինարարությունը: Ութուջյանը մասնակցել է Էջմիածնի վանքի վերականգնման աշխատանքներին: 1973 թվականին ղեկավարել է Երուսաղեմի Տիրոջ սուրբ գերեզմանի տաճարի հայկական բաժնի վերականգնման աշխատանքները, խորհրդատվություն ապահովել Նյու Յորքի «Սուրբ Վարդան» հայկական տաճարի և Դեթրոյտի «Սուրբ Սարգիս» վանքի նախագծման աշխատանքների ժամանակ:

Կյանքի օրոք Ութուջյանը Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի և տարբեր երկրների մրցանակների է արժանացել: