Նելլի Դանիելյան, Sputnik.
Եթե քաղաքապետարանի ներկայացրած տրանսպորտային ցանցն իրականություն դառնա, շատ լավ կլինի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը։ Իսկ թե որքանով կհաջողվի կյանքի կոչել քաղաքային իշխանությունների գաղափարը, Եղիազարյանը դժվարացավ կանխատեսել։ Պատճառը գումարն է, ավելի ճիշտ` դրա բացակայությունը։
«Եթե սակագնի մասին չենք խոսում, ռեալ ծրագիր է։ Բայց քաղաքապետարանի բոլոր հայտարարությունների հիմքում ընկած է այն, որ սակագինը պետք է մնա նույնը։ Ես հավատում եմ, բայց հավատում եմ վերապահումով։ Հավատում եմ, որ կստացվի, բայց թե որքան կարժենա դա, և մեր ժողովուրդը ինչ վիճակի մեջ կլինի, չեմ կարող ասել»,- ասաց Եղիազարյանը` հավելելով, որ 100 դրամ ուղեվարձի պահպանման դեպքում ծրագիրն անիրատեսական է։
Հիշեցնենք՝ արտասահմանյան փորձագետների կազմած քաղաքային տրանսպորտի նոր ցանցի նախագծով նախատեսվում է ներկայիս ուղևորատար 2039 ավտոմեքենաների փոխարեն թողնել 939-ը` միայն ավտոբուսներ և տրոլեյբուսներ։ Ծրագրի համաձայն՝ միկրոավտոբուսները 2019թ-ին մայրաքաղաքի փողոցներից կվերանան։
Ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերությունները դրանց փոխարեն պետք է ձեռք բերեն նոր, թանկարժեք, մեծ տարողությամբ ավտոբուսներ` 12-18 մետրանոց։
«Մեզ ասում էին` վառելիքի թանկացում չի լինելու, խելոք աշխատեք և այլն և այլն, հիմա էլ ասում են՝ լավ է լինելու, բայց ինչ կլինի, չգիտեմ»,- ասաց մեր զրուցակիցը։
Նոր տրանսպորտային ցանցում քաղաքային տրանսպորտն աշխատանքը սկսելու է առավոտյան 6։45-ին, ավարտելու` ուղիղ կեսգիշերին։ Ընդ որում, առավոտյան մինչև ժամը 8-ը տրանսպորտն աշխատելու է 10 րոպե հաճախականությամբ, 08։00-19։00-ը` 5, 19։00-21։00-ը` 10 և երեկոյան 21։00-00։00-ն` 15 րոպե հաճախականությամբ։
Ոլորտից քաջատեղյակ մեր զրուցակիցն այս խոստումները միանգամայն իրատեսական է համարում` հավելելով, որ ծրագիրը շատ է հավանել, բայց դրա իրագործումը պայմանավորում է տրանսպորտի սակագնով` «որքան թանկ, այնքան իրատեսական» տարբերակով։
Ինչ վերաբերում է մարզային ու միջհամայնքային երթուղիներին, հունվարի 17-ին կառավարությունը հայտարարեց նոր ցանցի մշակման աշխատանքների ընթացքի մասին` նշելով, որ մինչև 2018թ.-ի առաջին եռամսյակի ավարտը նոր ցանցի նախագիծը կներկայացվի վարչապետին:
Հրանտ Եղիազարյանն այս բարեփոխումներին ավելի շատ է հավատում, անգամ ենթադրում է, թե ինչ միջոցներով է այն իրականացվելու։
«Այն շարժակազմը, որ հիմա Երևանում կա, նոր ցանցի ներդրումից հետո մայրաքաղաքին այլևս պետք չի լինելու։ Այդ շարժակազմը պարապ չի մնալու։ Գնալու են իրենց համար համայնքներում աշխատեն»,- կարծում է մեր զրուցակիցը։
Բայց այստեղ էլ, ի վերջո, բոլոր քննարկումները հանգում են մեկ եզրակացության`ժողովուրդը վճարունակ չէ, իսկ գործող գներով չի կարող ստանալ նորմալ ծառայություն։