ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանն իր աշխատանքը շատ է սիրում: Ավելի քան կես դարի պատմություն ունեցող իր մասնագիտական գործունեության ընթացքում նա շատ տարբեր բաների է հանդիպել. մի անգամ նույնիսկ խորհուրդներ է տվել ադրբեջանցի գործընկերներին:
«Ադրբեջանցի որոշ լուսանկարիչների գործնական խորհուրդներ եմ տվել: Եղել եմ նաև Ադրբեջանում, հետո խնդրեցի ծանոթներիս ինձ այնտեղից ափսե բերել: Ավելի ուշ ինձ փոխանցեցին ևս մեկը` «Աղջկա աշտարակի» պատկերով», — պատմեց Շահբազյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:
Տնային պատկերասրահ
Մարտին Շահբազյանը ոչ միայն մի շարք պատմական լուսանկարների հեղինակ է, այլև հիանալի ճաշակի տեր մարդ:
Իր բնակարանի հյուրասենյակի պատերից մեկը Շահբազյանը պատկերասրահի է վերածել` այն զարդարելով ափսեներով: Յուրաքանչյուր ափսե իր պատմությունն ունի:
«Հայաստանի առաջին նախագահի (Լևոն Տեր-Պետրոսյան) հետ Իրան մեկնեցի: ԻԻՀ-ում հայկական դեսպանատան ներկայացուցիչներն ինձ համար որպես նվեր գնեցին ափսե, որի վրա ձեռքի աշխատանք էր արված», — Sputnik Արմենիային ասաց նա:
Հայտնի լուսանկարչի երկրորդ ձեռքբերումը եղավ Հունաստանից նվեր ստացած ափսեն: Եվ այդժամ Շահբազյանի մոտ միտք հղացավ՝. աշխարհի բոլոր երկրներից, որտեղ նա կայցելի, ափսեներ բերել:
Շահբազյանը, ով իր կարիերայի ողջ ընթացքում հասցրել է տարբեր երկրների նախագահների հարյուրավոր լուսանկարներ անել, ափսեներ հավաքելն իր հոբբին է համարում:
«Ինձ համար սա կարծես պատկերասրահ լինի: Ամեն անգամ նայում ու հիշում եմ, թե ինչ եմ արել կոնկրետ քաղաքում, կարծես կրկին վերապրում եմ հույզերը: Կարելի է ասել, որ սա իմ հոբբին է: Բացի այդ նայում ես ու հաճելի է հիշել, որ դու եղել ես բոլոր այդ երկրներում», — պատմում է լուսանկարիչը:
Զավեշտներ
Զավեշտալի դեպք տեղի է ունեցել Պեկինից բերված ափսեի հետ: Շահբազյանը նվեր էր ստացել ափսեն, սակայն չգիտեր, թե ինչ է վրան գրված: Լուսանկարիչը շփոթված էր՝ գուցե վրան որևէ «անվայել բան է գրված», ու հանկարծ նրա չինացի ընկերները կամ ծանոթները կծիծաղեն վրան:
Բայց թարգմանիչները նրան բացատրեցին, որ չինական ափսեի վրա հեղինակը այն ունեցողին «երջանկություն և փող» է մաղթում:
Սկզբում Շահբազյանը մտածում էր բաժակներ բերել տարբեր երկրներից, բայց դրանք հավաքելն անհարմար կլիներ: Իսկ ափսեների պարագայում ամեն ինչ ավելի հեշտ էր. նա արդեն գիտեր, որ դրանք կկախի պատից:
«Բացի այդ ափսեի վրա ամեն ինչ լավ երևում է՝ ազգային խորհրդանիշեր, եկեղեցիներ, մզկիթներ», — նշեց հայտնի լուսանկարիչը:
Շահբազյանի հավաքածուում ափսեներ կան Բուլղարիայից, Ճապոնիայից, Իսրայելից, Թուրքիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:
Հավաքածուն համալրելու համար որդիները նրան Հայաստանից և Արցախից էլ են ափսեներ նվիրել:
Նախագահները` հատակին նայելիս
Լուսանկարիչը խոստովանել է, որ շատ է սիրում իր աշխատանքը, որին արդեն ավելի քան կես դար է նվիրել: Տարբեր երկրների նախագահներին լուսանկարելիս, երբեմն այնքան էր լարվում, որ ձմռան ցրտին նույնիսկ շոգում էր:
«Երբ լուսանկարում էի նախագահներին, նույնիսկ չէի լսում, թե ինչի մասին են նրանք խոսում: Այսինքն՝ ես կադրեր էի որսում, քանի որ ուշադիր հետևում էին երկրի ղեկավարների ժեստերին: Սովորաբար, երբ մեկը խոսում է, երկրորդը լսում ու հառում է հայացքը հատակին», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը:
Նրա խոսքով` նախագահները հազվադեպ են զրույցի ժամանակ միմյանց աչքերի մեջ նայում, չէ՞ որ հայացքներով շատ բան կարելի է հասկանալ ու ըմբռնել: