Հայ պարային զույգի «La Bomba»-ն՝ Գեղասահքի Եվրոպայի առաջնության ժամանակ

Այս օրերին Մոսկվայում անցնող գեղասահքի Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց ելույթն ավարտեցին պարային զույգերը:
Sputnik

Հայաստանի մասնակիցներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Պրու-Սենեկալը կարճ և կամավոր ծրագրերում ընդհանուր 131.30 միավոր հավաքեցին, ինչը թույլ տվեց նրանց զբաղեցնել 19-րդ հորիզոնականը:
Կարճ ծրագրում նրանք ներկայացրեցին Ռիկի Մարտինի La Bomba ստեղծագործության տակ բեմադրված աշխույժ պարը: Իսկ կամավոր ծրագրում Թինան և Սիմոնը վերածվեցին շեքսպիրյան ռոմանտիկ հերոսների` ելույթ ունենալով հայտնի իտալացի կոմպոզիտոր Նինո Ռոտայի սաունդթրեքի (գրվել էր պատանի Ռոմեո և Ջուլիետի ողբերգական սիրո մասին պատմող Ֆրանկո Ձեֆիրելլիի օսկարակիր ֆիլմի համար) մոտիվներով գրված Լանա Դել Ռեյի երգի ներքո:


Եվրոպայի չեմպիոն դարձավ Գաբրիելա Պապադակիս և Գիյոմ Սիզերոն զույգը (Ֆրանսիա, 203.16 միավոր): Երկրորդ տեղում են` Եկատերինա Բոբրովան և Դմիտրի Սոլովյովը (Ռուսաստան, 187.13 միավոր), երրորդում` Ալեքսանդր Ստեպանովան և Իվան Բուկինը (Ռուսաստան, 184.86 միավոր):