ՌԱԴԻՈ

Խալաթյան. «Տուգանք կիրառելու լիազորությունը մեզնից վերցնում, տալիս են դատավորին»

ՀՀ Փաստաբանների պալատի իրավական հարցերով փորձագետ, փաստաբան Արտաշես Խալաթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է փաստաբանի հանդեպ դատավորի կողմից տուգանք կիրառելու իրավակարգավորմանը՝ ներկայացնելով նոր իրավակարգավորման բացասական կողմերը:
Sputnik

Արտաշես Խալաթյան
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր դատական օրենսգիրքը, որով դատավորին լիազորություն է վերապահվում մինչև 100 հազար դրամի չափով տուգանել օրինախախտ փաստաբաններին: Արտաշես Խալաթյանի ներկայացմամբ՝ դա բացասաբար կանդրադառնա փաստաբանների պալատի գործունեության վրա:

«Եթե դատավարության որևէ մասնակցին դատարանի օրինական կարգադրություններին չենթարկվելու, կարգը խախտելու դեպքում կարող է տուգանել անմիջականորեն դատարանը, ապա փաստաբանների և դատախազների համար, հաշվի առնելով նրանց հասարակական և իրավական կարգավիճակը, հետևյալ արտոնությունն էր սահմանված՝ նրանց նկատմամբ նախազգուշացում էր կիրառվում»,- ասաց Խալաթյանը:

Նրա խոսքով` հետագայում ավելի լուրջ խախտումների դեպքում դատարանն իրավունք ուներ դիմելու փաստաբանների պալատին՝ խնդրելով դիտարկել տվյալ փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Իսկ առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է տուգանք կիրառելու լիազորությունը վերապահել դատարանին՝ հանձին դատավորի»:
Ըստ նրա՝ փաստաբանական համայնքը ներկայացնող կառույցի կողմից այդ համայնքի ներկայացուցիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը պալատի ինքնակառավարման, անկախության կարևոր երաշխիքներից է, իսկ հիմա ուզում են տուգանք կիրառելու լիազորությունը նրանցից վերցնել և տալ դատարանին` ի դեմս դատավորի։