Բուրյաթիայի հարձակման մանրամասները. դեռահասը թաքստոց և համախոհներ է ունեցել

Ուլան Ուդեում դեռահասը կացնով հարձակվել էր դպրոցի վրա, հրկիզել դասարանը և վնասել 7–րդ դասարանի աշակերտներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. Բուրյաթիայի մայրաքաղաքի մոտ գտնվող Սոսնովի Բոր գյուղի համար 5 դպրոցում դպրոցականը կացնով հարձակվել էր աշակերտների և ուսուցչուհու վրա, յոթ հոգի տուժել է, հաղորդում է baikal-daily.ru–ն։

Երկու վիրավոր դպրոցականները սկզբից գնացել են տուն, հետո միայն դիմել բժշկական օգնության։

Հոսպիտալացված երեք երեխաներին վիրահատում են։

Հայտնի են Բուրյաթիայում դպրոցի վրա հարձակման հետևանքով տուժածների անունները

Հունվարի 19–ի առավոտյան Բուրյաթիայում Անտոն Բիչիվինը կացնով հարձակվել է դպրոցի վրա և վնասել 7–րդ դասարանի աշակերտներին ու ուսուցչուհուն։

Ինչպես հաղորդում է Mash ալիքը, դրանից հետո Բիչիվինը փորձել է ինքնասպան լինել։ Նա ապակի է կոտրել դասասենյակում, դանակով հարվածել իր կրծքին և դուրս նետվել պատուհանից։

Բուրյաթիայի դպրոցի չորրորդ հարկում հայտնաբերվել է Անտոնի թաքստոցը։ Նա այնտեղ թաքցրել է «Մոլոտովի կոկտեյլը»` հավանաբար պատրաստվելով բարձրանալ նաև երրորդ հարկ։

Նախնական տվյալներով` Անտոնը հարձակում է կազմակերպել դպրոցի վրա կիսամյակում երկուս ստանալու պատճառով։ Տղան ցածր գնահատական է ստացել ռուսաց լեզու առարկայից, ինչը նշանակում է, որ նրան ավտոմատ կերպով չեն թողնի քննությունների։ Դրանից հետո Անտոնը որոշել է վրեժ լուծել։

Շրջանի ղեկավար մարմիններին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ դպրոցի վրա հարձակվել է երեք հոգի, որոնցից երկուսին` Ալեքսանդր Ռոգալսկուն և Իլյա Սեդովին, հաջողվել է թաքնվել։ Ներկա պահին երեք չարագործները ձերբակալված են։