Ջուղայի հայկական խաչքարերի մասին Նալբանդյանը հիշեցրել է ԵԱՀԿ համանախագահներին

ՀՀ արտգործնախարարը տարօրինակ է համարել Ադրբեջանի` պատմական ժառանգությանը խնամքով վերաբերվելու հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Ադրբեջանի պաշտոնյաների`վերջերս արված հայտարարությունը, որը վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը, առնվազն տարօրինակ է։ Այս մասին այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Twitter-ի իր էջում հայտնում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«Ադրբեջանն է տարիներ ի վեր հետևողականորեն ոչնչացնում հայկական հուշարձաններն ու կոթողները` միաժամանակ մերժելով Ջուղայում և այլ վայրերում միջազգային փաստահավաք առաքելությունների իրականացումը», — ասել է Նալբանդյանը։

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն օրերս Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Օդրի Ազուլեի հետ։ Հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Ադրբեջանը խնամքով է վերաբերվում երկրի մշակութային ժառանգության պահպանմանը, իսկ Հայաստանը «նպատակաուղղված ոչնչացնում ու քանդում է ադրբեջանական գրավված տարածքներում գտնվող հուշարձանները»։

Խաչքարեր. հայերի «այցեքարտն» ամբողջ աշխարհում

Ջուղայի հայկական գերեզմանատանն ավելի քան 400 տարվա ընթացքում հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր են կանգնեցվել։ ԽՍՀՄ փլուզումից ու ղարաբաղյան հակամարտության թեժ փուլի ավարտից հետո Ադրբեջանի իշխանությունները սկսել են ոչնչացնել հայկական գերեզմանատունը։

Հայկական ժառանգության ոչնչացմանն ուղղված քայլերը շարունակվել են 1998-2005 թվականներին։ Ականատեսների վկայությամբ (որոնք ավելի ուշ հաստատվել են արբանյակային տվյալներով) 2005 թվականին զինվորական հագուստով մարդիկ ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ քանդել են մնացած խաչքարները։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն, միջազգային մշակութային կազմակերպությունները, առանձին գիտնականները դիմել են միջազգային ատյաններ` պահանջելով դադարեցնել Նախիջևանում հայկական մշակույթային ժառանգության ոչնչացումը, սակայն ոչ մի արդյունքի չեն հասել։ Ադրբեջանը հերքում է մեղադրանքները, պաշտոնական Բաքուն հայտարարում, որ «հայերը երբեք չեն ապրել Նախիջևանում, և այն անհիշելի ժամանակներից ադրբեջանցիների հողն է եղել»։

Քանդելուց հետո Ջուղայի գերեզմանատունը հրաձգարանի է վերածվել։