ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Եվրոպայի խորհրդին կից Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին, այսօր հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Հայաստանն աջակցում է Եվրոպայի խորհրդի ռազմավարությանը ընտանիքում բռնությունն արմատախիլ անելու հարցում», – գրել է Բալայանը Twitter-ի իր էջում։
Նա հաղորդել է, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում։ Ավելի վաղ` 2017թ–ի դեկտեմբերի 28–ին, փաստաթուղթը հավանության էր արժանացել Հայաստանի կառավարության նիստում։
2011թ–ի մայիսի 11–ին ընդունված կոնվենցիան դարձել է առաջին եվրոպական համաձայնագիրը` ուղղված կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ։ Այդ համաձայնագիրը վավերացրած երկրները պարտավոր են պաշտպանել և աջակցել բռնության նման տեսակներից տուժածներին։ Նրանք պետք է ստեղծեն թեժ գծեր, ապաստաններ, ցուցաբերեն բժշկական, հոգեբանական և իրավական օգնություն։