ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի — Sputnik. Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) ՏՏ–ոլորտի ապագա մասնագետների համար երկաստիճան ուսումնական ծրագիր է մեկնարկում։ Նախագծի մանրամասներն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լակոտն ու բուհի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խոսքով` ծրագրի առաջին փուլը գիտական ուղղվածություն ունեցող դասընթացների բացումն է Հայաստանում Ֆրանսիական միջազգային դպրոցում, որտեղ կպատրաստեն ՀՖՀՀ ապագա ուսանողների։ Երկրորդ փուլը` համալսարանում ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի բաժնինների բացումն է։
Այս երկու նախագծերը, ծրագրի մտահաղացման համաձայն, կլրացնեն միմյանց ու թույլ կտան ՏՏ–ոլորտի որակյալ մասնագետներ պատրաստել։
Դեսպան Լակոտը համոզված է, որ ՏՏ–ոլորտը մի քանի տարի հետո Հայաստանի զարգացման առաջնային ուղղություններից կդառնա, իսկ մրցունակ կադրերի բացակայությունը հիմնախնդիր է, որը պետք է սկսել համալսարանից լուծել։
Ժոնաթան Լակոտը նաև հիշեցրել է, որ Հայաստանի ֆրանսիական համալսարանի ավելի քան 80%–ն ապահովված են աշխատանքով, նրանց ավելի քան 90%–ը Հայաստանում են մնում, իսկ նախապատրաստական դպրոցի աշակերտների գրեթե կեսը տեղացի հայեր են։
«Այդ հաստատությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի զարգացման համար», – համոզված է դեսպանը։
Իր հերթին ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Մարկ Լավեստը հավելեց, որ բուհի հիմնական խնդիրն այն է, որ շրջանավարտները աշխատանքով ապահովված լինեն։
«Մենք չէինք կարող ֆակուլտետը բացել առանց աշխատաշուկայի մոնիթորինգի։ Միջազգային կառույցները նշում են, որ Հայաստանի ՏՏ–ոլորտը մեծ ներուժ ունի, տասը տարուց այն երկրի զարգացման հարցում առանցքային դերակատարություն է ունենալու։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամեն տարի այդ բնագավառում մոտ երկու հազար թափուր աշխատատեղ է մնում», –նշեց Լավեստը։
Նրա խոսքով` ՀՖՀՀ–ն այդ ոլորտում համագործակցելու է «Պոլ Սեբատիե Թուլուզ 3» Թուլուզի համալսարանի ու ԹՈՒՄՈ–ի հետ։
Լավեստը նշեց, որ ՀՖՀՀ ուսանողները հնարավորություն կստանան պրակտիկա անցնել արտասահմանում, մասնավորապես` Բելգիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում։ Նախորդ շաբաթ մոտ 60 ուսանող է արտասահման պրակտիկայի մեկնել։
Նա նաև նշեց, որ այս տարի ՀՖՀՀ–ն 50 ուսանող կընդունի, ապագայում նախատեսվում է նրանց քանակը կրկնապատկել։ Ընդունելության համար անհրաժեշտ է երկու քննություն հանձնել` խորացված մաթեմատիկա ու օտար լեզու. ֆրանսերենի իմացությունը պարտադիր չէ։