Գուտերեշի արցախյան գայթակղությունը կամ ԵԱՀԿ «կույր» դիտորդները

Գուտերեշի ելույթը նաև Արցախին էր վերաբերում, սակայն անհասկանալի է` ինչի մասին է այն։
Sputnik

Արցախյան հիմնախնդիրը կրկին միջազգային հասարակության ուշադրության կենտրոնում է։ Սառեցված հակամարտությունների թեման բարձրացրել է նաև ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` կարծիք հայտնելով, որ այս տարի հեղինակավոր միջազգային կազմակերպությունը լավ կաներ ակտիվացներ իր ջանքերն այդ ուղղությամբ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ՄԱԿ–ում ալտրուիստներ չկան

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունն այն մասին, որ հարկավոր է աշխուժացնել հակամարտությունների կարգավորման ձևաչափերում ներգրավված միջազգային միջնորդ կազմակերպությունների աշխատանքը, որոշ չափով վստահություն է ներշնչում, որ այս տարի կարելի է դրանցից գոնե մեկում առաջընթաց գրանցել։ Սակայն «սառեցված հակամարտությունների» ցուցակը մեծ է. դրանում, իհարկե, իր տեղն ունի ղարաբաղյան հարցը։ Այդ ցուցակը կարող է վկայել միայն այն մասին, որ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը տեսնում է այն, ինչ ուզում է։

Հայ–ադրբեջանական խառնաշփոթ կամ ինչու են «յուղ լցնում» արցախյան դոշաբի մեջ

Բանն այն չէ, որ ՄԱԿ–ը կամ Եվրոպան ներուժ չունեն, որպեսզի լուծեն այդ խնդիրներից յուրաքանչյուրը կամ բոլորը միասին։ Հակառակը` Եվրոպան ունի ներուժ ու հնարավորություն։

Խնդիրն այն է, որ միջազգային հանրությունը պարզապես չի ցանկանում անկախ իր շահերից չափազանց մեծ ու ուղղորդված ջանքեր գործադրել` այդ հարցերի լուծման համար։ ՄԱԿ–ում ձայնի իրավունք ունեցող միջազգային քաղաքականության գրեթե բոլոր սուբյեկտներն ու տարածաշրջանային գերտերությունները սեփական շահերն ունեն։

Դրանք կարող են կապված լինել ինչպես տնտեսության, լոգիստիկայի կամ օգտակար հանածոների (նաև էներգակիրների) ձեռքբերման հետ, այնպես էլ զուտ քաղաքականության. որոշակի տարածքում կամ ամբողջ տարածաշրջանում ազդեցություն ունենալու հետ։

Դրա համար միջազգային ասպարեզում պայմաններ թելադրող ուժեղ խաղացողներն առաջին հերթին առաջնորդվում են իրենց սեփական շահերով, այլ ոչ թե ալտրուիզմով։ Ու այդ առումով չարժե նույնիսկ խոսել այն մասին, որ ՄԱԿ–ն այսօր ի վիճակի է արագորեն ու, ինչն ավելի կարևոր է, արդարացիորեն լուծել ու կարգավորել որևէ բան։

Կազմակերպությունը դրան ընդունակ չէ։ Դրանում կարելի է համոզվել Մերձավոր Արևելքի կամ Ուկրաինայի օրինակով։

Ղարաբաղյան կարգավորման հարցում ամեն ինչ չափազանց պարզ ու թափանցիկ է

Ինչ վերաբերում է կոնկրետ Արցախին, ապա այստեղ տարածաշրջանային ու համաշխարհային խաղացողների որդեգրած քաղաքականությունն էլ ավելի պարզունակ է. այն հետևյալն է. հակամարտող կողմերի համար գոնե քիչ թե շատ ընդունելի տարբերակ գտնելը կնշանակվի, հանուն համամարդկային, ազնիվ ու արդար մոտեցումների տարածաշրջանում շահեր ունեցող որոշ խաղացողներ կզրկվեն կոնկրետ գործիքից, զենքից, որը նրանք անգութորեն օգտագործել են վերջին 30 տարվա ընթացքում։

Նալբանդյանի կոչը Մամեդյարովին. ի՞նչ պիտի անի Ադրբեջանը բանակցային գործընթացն առաջ մղելու համար

Արդյո՞ք նրանք կդիմեն այդ քայլին։ Իհարկե ոչ. մեծ քաղաքականության մեջ չկան այդպիսի հասկացություններն, ինչպիսինն են` ազնվությունը, արդարություն ու սկզբունքայնությունը։ Դրա համար կարելի է վստահ լինել, որ մինչ հակամարտող կողմերը շփման կետեր չգտնեն, նրանց փոխարեն ոչ ոք դա չի անի։ Ավելի` ինչքան կարողանան խանգարելու են։

Այս ամենը հակառակ կողմ էլ ունի։ Անդրկովկաս անունով հայտնի խաղատախտակին շախմատային քարերը շարժող գերտերությունները ամեն հնարավոր բան կանեն, որպեսզի հակամարտող կողմերի շփման գծում իրավիճակը չլարվի։ Որ իրավիճակը, ինչպես ասում են քաղաքական վերլուծաբանները, սուր զինված հակամարտության չանցնի։

Քանի որ այդ դեպքում նրանց համար ամեն ինչ անկանխատեսելի կդառնա, նրանք կզրկվեն կոնկրետ արտոնություններից, որի վրա հույս են դրել։

Հենց նույն Արևմուտքն, օրինակ, դողում է ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի մտքից։ Այդ ժամանակ կարելի է հրաժեշտ տալ Եվրոպա մտնող կասպից էներգակիրներին (բոլոր գազատարները գտնվում են հակամարտության գոտուց մի երկու –երեք տասնյակ կիլոմետրի վրա)։

Ռուսաստանը, որը մոտ ապագայում հույս ունի առավելագույնս մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում, նույնպես պատրաստ է շատ բան անել, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը թեժ փուլի չանցնի։ Դա բնական է, չէ որ ոչ ոք չի ցանկանա սեփական քթի տակ ևս մեկ թեժ կետ ունենալ։

«Փուլայնություն» նույնիսկ փաթեթային որոշման մեջ

Ահա և ստացվում է, որ մի հարվածով, մի փաստաթղթով, մեկ ստորագրությամբ Արցախի հարցը չի լուծվի, ինչպես նաև բոլոր մնացած «սառեցված» հակամարտությունները։ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, երբ հիշատակել է հարցի փուլային լուծումը, խոսել է հենց այդ մասին, այլ ոչ թե Մոսկվայի կողմից առանց երաշխիքների ինչ–որ հողեր և շրջաններ հանձնելու։

Մոսկվան հիշեցրել է շփման գծում ռազմական միջադեպերի հետաքննման անհրաժեշտությունը

Տեսականորեն նման բան անհնար է, քանի որ բոլորը (առաջին հերթին` Մոսկվայում) հասկանում են, որ նման ուղերձը, ակնարկն արդեն կպայթեցնի իրավիճակը շփման գծում։

Նման հերյուրանքները հարմար են միայն նրանց համար, ովքեր կամ «ընդդիմություն» են խաղում Հայաստանում կամ հանգստացնում են Ադրբեջանի հասարակությանը` հավաստիացնելով, որ «ինչ–որ մեկն ինչ-որ տեղ հողեր է խոստացել»։ Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի խոստացել հենց մի շարք թվարկված, լիովին կոնկրետ պատճառներով։

Իրականում բոլոր «սառեցված» հակամարտությունների գերխնդիրն է հասնել նրան, որպեսզի գերտերություններն իրենց վրա պատասխանատվություն վերցնեն շփման գծում անվտանգություն ապահովելու համար, լինի դա Արցախում, Դոնբասում, Մերձդնեստրում, թե Վրաստանում։

Եթե հենց այդ մասին խոսել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշը Գլխավոր վեհաժողովի մասնակիցների առջև իր ելույթի ժամանակ, նրան կարելի էր ծափահարել։ Չէ՞ որ նա, խոսելով միջազգային միջնորդական կազմակերպությունների աշխատանքի ակտիվացման անհրաժեշտության մասին, կոնկրետ ոչինչ չի ասել։ Օրինակ` այն մասին, որ առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի Դոնբասում կամ Արցախում «ԵԱՀԿ կույր դիտորդները» աչքերը բացեն։

Իսկ առանց դրա շփման գծում չեն դադարի կրակել, կշարունակվի արյուն թափվել… Եվ հարկ չկա խոսել ինչ-որ հետագա քայլերի մասին։ Այնպես որ, «սառեցված» հակամարտությունների «փուլային» լուծումն ամեն դեպքում պետք է սկսվի առաջին փուլից` հրադադարի պայմանները պահպանելու խիստ հսկողությունից և նրանց պատժելուց, ովքեր խախտել են այդ պայմաններն ու առաջինը կրակել։