«Երևան սիթիում» 61 տարեկան տղամարդուն սպանած կասկածյալը հայտնաբերվեց

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում 61-ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Այսօր՝ հունվարի 17-ին, ոստիկանները հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Գնորդը դանակահարել է բանջարեղեն վաճառողին. սպանության նոր մանրամասները

Ինչպես նշված է կայքում, ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել են 5 հազարից ավելի տարածքներ, այդ թվում եղել են առևտրի կենտրոններում, բացօթյա և փակ շուկաներում, անգամ եղել են այնպիսի տարածքներում, որտեղ հասնելու համար հաղթահարել են ոտքով մի քանի կիլոմետրեր, քանի որ մարզային այդ հատվածներում ճանապարհը եղել է ձյունապատ, մեքենայով հնարավոր չի եղել անցնել։

Կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, նրան հայտնաբերել են Էրեբունի վարչական տարածքում։

Վարդանյանը չի զղջացել իր արածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն նա ասել է, որ կշեռքը չի աշխատում։ Վարդանյանն էլ հարցրել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել Վարդանյանի հասցեին և կշռաքարով հարվածել նրան։ Վարդանյանն էլ օրեր անց վրեժ է լուծել նրանից։

Տղամարդը տեղափոխվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։