ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը կատաղել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի պատճառով, որը հայ ֆուտբոլիստի համար բարձր աշխատավարձ է պահանջել «Արսենալում» ։ Այս մասին հայտնում է Еxpress.co.uk կայքը։
Ֆուտբոլային գործակալն ավելի վաղ հայտնել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի ստորագրի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքը, մինչև Մխիթարյանը չհամաձայնի «Արսենալ» տեղափոխվել։
ԶԼՄ-ների տվյալների համաձայն` Ռայոլան Մխիթարյանի համար պահանջում է մի գումար, որը գերազանցում է ֆուտբոլիստի այսօրվա աշխատավարձը (հիմա Մխիթարյանը ստանում է շաբաթական 150 000 ֆունտ ստեռլինգ, որը մոտավորապես 200 հազար դոլար է կազմում)։
Իտալացի լրագրող Մատեո Պեդրոզին թվիթերյան իր էջում գրել է, որ Ռայոլան ֆուտբոլիստի համար Ալեքսիս Սանչեսի աշխատավարձի չափ գումար է պահանջում։ Մոուրինյոն էլ կարծում է, որ Ռայոլան չափն անցնում է, գրում է Daily Record-ը։
Հայ ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» տարեկան 4,5 միլիոն եվրո է կազմում, իսկ Սանչեսն Արսենալում 11,5 միլիոն եվրո է ստանում։ Չիլիացին արդեն համաձայնեցրել է «կարմիր սատանաների» հետ գործարքի պայմանները, բայց տեղափոխվելու կատարելու համար նա պետք է սպասի այնքան, մինչև Մխիթարյանի ներկայացուցիչների հետ համաձայնության գան։