Հայերն ու ադրբեջանցիները երրորդ անգամ կմրցեն բասկետբոլի դաշտում

Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները նախկինում հանդիպել են չեզոք տարածքներում. երկու անգամ էլ ադրբեջանցիները պարտվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչև 16 տարեկան) Ադրբեջանի հավաքականի հետ կհանդիպի Եվրոպայի բասկետբոլի երիտասարդական առաջնության շրջանակում, վիճակահանության արդյունքները հրապարակվել են Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում։

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է A ենթախմբի C դիվիզիոնում, որտեղ մրցակիցները կլինեն Ավստրիայի, Ադրբեջանի, Սան Մարինոյի, Ալբանիայի և Մոլդովայի հավաքականները։

Առաջնությանը կմասնակցեն նաև Հայաստանի մինչև 18 և մինչև 20 տարեկանների հավաքականները։ Առաջինների մրցակիցները կլինեն Իռլանդիան, Մոլդովան, Մոնակոն և Մալթան, երկրորդ թիմը B դիվիզոնում կմրցի Հունգարիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ռուսաստանի և Չեխիայի հավաքականների հետ։

Մխիթարյանի որոշմանն են սպասում. կարևոր գործարքը հայ ֆուտբոլիստի ձեռքում է

Մինչև 16 տարեկան պատանիների շարքում Եվրոպայի բասկետբոլի առաջնությունը տեղի կունենա ամռանը Սան Մարինոյում։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները երկու անգամ հանդիպել են չեզոք տարածքներում։ Պատանիները (մինչև 16 տ) 2017թ-ի ամռանն Անդորրայում ադրբեջանցիներին պարտության են մատնել 88։76 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը եղել է Գեորգի Շահնազարովը (36 միավոր)։

Բացի այդ, 2017թ-ի հուլիսի 21-ին Հայաստանի բասկետբոլի հավաքականը (մինչև 20տ) Եվրոպայի առաջնությունում պարտության է մատնել Ադրբեջանին։ Ռումինիայում տեղի ունեցած խաղն ավարտվել է 82։80 հաշվով։