ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունները կօգնեն գյուղացիներին դիզելային վառելիքով։ Այդ մասին ԱԺ-ում խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։
2018թ-ից Հայաստանում դիզվառելիքը թանկացել է ԱԱՀ-ի պատճառով (միաժամանակ ակցիզը նվազել է)։ Դրանից ամենաշատը կարող են տուժել գյուղացիները, բայց նրանց համար իշխանությունները կառաջարկեն սուբսիդիաների ինչ-որ սխեմա։
Առայժմ անհասկանալի է, թե ինչպես են օգնելու. վառելիքի սուբսիդիայով, թե բերքի համար վճարելով։ Բայց պարզ է մի բան` գյուղացիներն ինչ-որ օգնություն կստանան, նշեց վարչապետը։ Որոշումը կընդունվի մինչև գարնան դաշտային աշխատանքների սկիզբը։
Նշենք, որ հարկային բեռի աճի պատճառով Հայաստանում դիզվառելիքը հունվարից թանկացել է 18 տոկոսով։