Ներման որոշումը նախագահը կայացնում է միանձնյա. հանձնաժողովի կարծիքը կարող է հաշվի չառնվել

ՀՀ նախագահի կողմից որոշ դատապարտյալներին ներում շնորհելու մասին լուրերը հերթական անգամ ակտիվացել են։ Այսօր մամուլում նույնիսկ կոնկրետ անուններ են նշվել։ Ով և ինչպես է ներում շնորհում և ինչ պայմաններում կարող է մերժվել դատապարտյալի ներման խնդրանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանել է փաստաբան Թամարա Բաղդասարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Որպես կանոն, ներման մասին լուրերն ակտիվանում են հատկապես ազգային տոներին ընդառաջ, քանի որ մեկնաբանվում է, թե ՀՀ նախագահը ներում է շնորհում այս կամ այն տոնի առիթով։

Քրեական օրենսգիրքը, սակայն, ներման համար որևէ առիթ չի սահմանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Թամարա Բաղդասարյանը։ «Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածն ուղղակի նախատեսում է, որ հանցագործության համար դատապարտված անձը ներման ակտով կարող է լրիվ կամ մասնակի ազատվել` ինչպես հիմնական պատժից, այնպես էլ պատժի չկրած մասից։ Կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել այլ` ավելի մեղմ պատժով,– ասաց փաստաբանը,– որևէ պայման, առիթ` ներում շնորհելու համար օրենքով սահմանված չէ»։

Ով էր այդ Խաչիկյանը, ինչ էր արել և ում հետ

Ներում ստանալու համար դատապարտյալը պետք է ներման խնդրանքով գրավոր դիմում ներկայացնի նախագահին` նշելով, որ ընդունել է իր հանցանքը, զղջացել ու որոշ ժամանակ պատիժ կրել դրա համար։ Ներման հանձնաժողովը տալիս է իր եզրակացությունը` տվյալ անձին ներում շնորհելու վերաբերյալ։ Բայց, պարզվում է, որ հանձնաժողովի եզրակացությունն այնքան էլ էական չէ, որովհետև վերջնական խոսքը հանրապետության նախագահինն է։

«Դա խիստ սուբյելկտիվ է` ո՛չ հանցագործության տեսակով է պայմանավորված, ո՛չ ծանրության աստիճանով, ո՛չ պատժի տեսակով։ Չկա որևէ չափանիշ։ Ներման հանձնաժողովը հնարավոր է տա բացասական եզրակացություն, բայց նախագահը ներում շնորհի»,– ասաց Թամար Բաղդասարյանը` հավելելով, որ ներման որոշումը կայացվում է գրեթե միանձնյա։

ՀՀ նախագահից ներում ստացած վերջին դատապարտյալը Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանն էր։ Նրան Սերժ Սարգսյանը ներում էր շնորհել 2017թ–ի սեպտեմբերին։ 12 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանն անազատության մեջ անցկացրել էր 5 տարի։

2016 թվականի մայիսին նախագահը ներում էր շնորհել 9 դատապարտյալի և մերժել է 16 դատապարտյալի ներման խնդրագիր:

Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրենց հայտնի է դարձել, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ ազատազրկման են դատապարտված: