ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, զղջում է ամուսնալուծվելու համար, իսկ դերասանը չի էլ պատրաստվում հաշտվել նրա հետ։ Ջիգարխանյանն այս մասին խոսել է ռուսական «Թող խոսեն» («Пусть говорят») հաղորդման եթերում։
Դերասանը հաղորդավար Դմիտրի Բորիսովին ասել է, որ Վիտալինան բողոքարկել է ապահարզանի որոշումը և ուզում է չեղարկել այն։ Ջիգարխանյանը նշել է, որ ինքը չի ցանկանում հաշտվել նախկին կնոջ հետ ու անկեղծորեն չի հասկանում նրա մտադրությունները։
Տաղավարում ներկա փորձագետներից ոմանք վստահեցրել են, որ Վիտալինայի արարքի դրդապատճառը կարող է լինել հիփոթեքային վարկը, որը մարելու համար նա ստիպված է ամեն ամիս մուծումներ կատարել։
«Կարծում եմ` այս ամենը, այդ թվում նաև Վիտալինայի` ամուսնալուծության գործընթացը կասեցնելու փորձը կապված է ֆինանսական հարցերի հետ։ Եթե Վիտալինան վախենում է պարտքի հետ կապված որոշ պարտավորություններից, օրինակ` նրան պարտքի վտանգ է սպառնում, ապա նա մտածում է, որ ավելի լավ է ամուսնացած լինել, այդ դեպքում կկարողանան երկուսով մարել պարտքը», — ասել է լրագրող Եկատերինա Գորդոնը։
Գորդոնը նշել է, որ ուշադրությամբ հետևել է Ջիգարխանյանի և նրա կնոջ «սերիալին» ու համոզված է, որ Վիտալինային փորձում են ներգրավել շատ լուրջ քրեական գործերի մեջ` ընդհուպ մինչև դերասանի թունավորում։
«Ջիգարխանյանն այնպիսի բաներ է արել, որոնք ստիպում են նրա մասին վատը մտածել», — ասել է Գորդոնը։
Ավելի վաղ Վիտալինան Շոպենի ստեղծագործություններից մեկը նվիրել էր նախկին ամուսնուն՝ նախատոնական նվերը մատուցելով հեռուստահաղորդման ընթացքում։ Նա Ջիգարխանյանին հրավիրել էր Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարան, որը, նրա խոսքով, ընտանեկան օջախ է եղել: Հետո Ցիմբալյուկի օրինական փաստաբան Լարիսա Շիրոկովան ասել էր, որ հնարավոր է` Ջիգարխանյանի հետ հաշտեցման պայմանագիր կնքվի, բայց դերասանի փաստաբանը հերքել էր այդ տեղեկությունը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ դեկտեմբերից 5-ին նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում):
Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։