ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Վլադիմիր քաղաքի 31-րդ երթուղու ավտոբուսներից մեկը «գրական» է դարձել։ Ավտոբուսի վրա մեջբերումներ են Սիլվա Կապուտիկյանի, Ռուվիմ Ֆրաերմանի և Ռասուլ Համզաթովի ստեղծագործություններից։ Այս մասին տեղեկացնում է vladimir.kp.ru կայքը:
Այդ ավտոբուսը հունվարի մեկից շրջում է քաղաքի փողոցներում։ «Գրական» երթևեկությունը կշարունակվի մինչև մարտ։
Ավտոբուսը երթևեկում է «Ազգային մշակույթների մարաթոն «Բաց պատուհաններ»» նախագծի շրջանակում, որն իրականացնում է «Դաղստան» մշակութային կենտրոնը՝ քաղաքի գրադարանների հետ համատեղ: Մարաթոնի նպատակն է հանրությանը ներկայացնել ռուս, հայ, թաթար, դաղստանցի և հրեա գրողների ստեղծագործական արվեստը:
Ավտոբուսի ուղևորները երթևեկության ընթացքում չեն ձանձրանա, քանի որ սրահում նրանց համար գրողների ստեղծագործությունների թեմաներով վիկտորինաներ կանցկացվեն: Հարցերին ճիշտ պատասխանած ուղևորներին որպես մրցանակ կտրվեն հեղինակների գրքերը: