Մխիթարյանի որոշմանն են սպասում. կարևոր գործարքը հայ ֆուտբոլիստի ձեռքում է

Գործարք չի լինի, քանի դեռ Մխիթարյանն «Արսենալ» տեղափոխվելու համաձայնություն չի տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի»` Ալեքսիս Սանչեսի վերաբերյալ գործարքը Հենրիխ Մխիթարյանի ձեռքում է։ The Times պարբերականին այս մասին ասել է հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան։

««Մանչեսթեր Յունայթեդը» Ալեքսիս Սանչեսին ձեռք կբերի այն ժամանակ, երբ Հենրիխ Մխիթարյանը համաձայնի տեղափոխվել «Արսենալ»: Հենրիխը դեռ որոշում չի կայացրել»,- ասել է Ռայոլան:

Գործակալի խոսքով` Հենրիխը կընտրի այն տարբերակը, որը լավագույնն է իր համար: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրն ավարտվում է 2.5 տարուց:

«Նա անձամբ պետք է որոշում կայացնի: Ալեքսիս Սանչեսը կլինի Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի գործարքի մի մասը: Այլ տարբերակ չկա»,- ասել է Ռայոլան։

Մխիթարյանը մտքով արդեն ա՞յլ ակումբի հետ է. նա չխաղաց «Մանչեսթերի» կազմում

Մամուլում երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանը շատ շուտով կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Առավել հավանական է, որ կիսապաշտպանին կվարձակալի Միլանի «Ինտերը»։ Բացի այդ, ԶԼՄ-ները քննարկում են Հայաստանի հավաքականի ավագի անցումը «Արսենալ»։

Իտալական Corriere dello Sport պարբերականն իր հերթին հայտնել է, որ Մխիթարյանը կարող է անցնել Միլանի «Ինտեր» և դառնալ պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիոյի` «Ինտերից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մի մասը։ Ժոաոյով հետաքրքրված է Ժոզե Մոուրինյոն։