«Սասնա ծռերի» երկրորդ անդամն էլ է դադարեցրել հացադուլը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը դադարեցրել է հացադուլը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 25 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Որոշ քրեակատարողական հիմնարկներում անմարդկային պայմաններ են. ահազանգում են փաստաբանները

Նրա խոսքով` հացադուլը դադարեցնելու որոշումը Բարսեղյանը կայացրել է «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից տարված աշխատանքների արդյունքում։

Գոռ Ղլեչյանը նաև հայտնեց, որ Սմբատ Բարսեղյանը դատապարտյալների հիվանդանոց կամ քաղաքացիական այլ բուժհիմնարկ չի տեղափոխվել և  գտնվում է «Նուբարաշենի» բուժմասում։

Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է:

Հիշեցնենք` Սմբատ Բարսեղյանը հացադուլ էր հայտարարել 2017թ–ի դեկտեմբերի 21-ին` միանալով դեկտեմբերի 19-ին հացադուլ հայտարարած «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի պահանջին։ Նրանք իրենց բողոքն էին հայտնում «Նուբարաշեն» ՔԿՀ–ում տիրող անմարդկային պայմաններից` պահանջելով իրենց տեղափոխել այլ ՔԿՀ։

Իրավապաշտպանների ու փաստաբանների պնդմամբ` «Նուբարաշենում» 6 հոգանոց խցերում պահվում է 12 անձ, քնում են հերթով, իսկ խցերի հատակն ու պատերը խոնավ են։