Եզդիները երախտապարտ են հայերին

Ընդունած խորհրդարանական բանաձևի համար Հայաստանին շնորհակալություն են հայտնում Գերմանիայի, Իրաքի և ամբողջ աշխարհի եզդիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. Ամբողջ աշխարհի եզդիները երախտագիտություն են հայտնում Հայաստանին Իրաքում տեղի ունեցած ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Sputnik  Արմենիայի թղթակցին այդ մասին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը։

Մախմուդյանը, որը ներկայացնում է եզդիների համայնքը, ահաբեկչական խմբավորումների կողմից Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող խորհրդարանական հայտարարության համահեղինակն է։ Այն ընդունվել էր 91 կողմ ձայնով, դեմ ոչ ոք չէր քվեարկել։

«Ինձ երեք անգամ վերավաճառել են». եզդիների ցեղասպանությունն ու քրդերի դերը

Նրա խոսքով`  Հայաստանը անմիջապես ամբողջ աշխարհից սկսեց շնորհակալական խոսքեր ստանալ։

«Հենց նոր ես խոսում էի Գերմանիայի մեր հայրենակիցների հետ, նրանք պարզապես երախտագիտությունը հայտնելու խոսքեր չեն գտնում։ Լուրը հասել է նաև Իրաքի մեր ժողովրդին։ Բոլորի մոտ այսօրվա իրադարձությունը, ոչ միայն հիացմունք է առաջացրել, այլև մեծ ուրախություն և երախտագիտություն», – հայտնեց Մախմուդյանը։

Նա արդեն հարցազրույց է տվել «Lալիշ հեռուստատեսություն» առցանց հեռուստաալիքին։

Նման բովանդակության բանաձևեր արդեն ընդունել են այլ երկրների խորհրդարաններ։ Մասնավորապես, ծավալուն փաստաթուղթ է ընդունել Ֆրանսիայի սենատը։

«Գլուխ գովել չեմ ուզում, սակայն մեր փաստաթուղթն ամենահամապարփակն է։ Ես երկար եմ աշխատել այդ փաստաթղթի վրա, հավաքել իրավաբան ընկերներիս ու պատմաբաններին։ Մենք պարզապես անթերի տեքստ ենք կազմել, միջազգային իրավունքի բոլոր պահանջների համաձայն», – ասաց Մախմուդյանը։

Բնականաբար, այս փաստաթուղթը որևէ կերպ չի նվազեցնում մյուս երկրների փաստաթղթերի կարևորությունը։ Երկրներին, որոնք ընդունել են դրանք, եզդիները նույնպես անչափ շնորհակալ են, ընդգծեց պատգամավորը։

Իրաքում ահաբեկիչների իրականացրած հանցագործությունների ճանաչման մասին հարցը Մախմուդյանը բարձրաձայնել էր նաև անցյալ տարի ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ, Ստրասբուրգում։ Այնտեղ մտադիր են ներկայացնելու նաև այս արդեն ընդունված փաստաթուղթը։ Հայաստանի համախոհներից մեկն այս հարցում կլինի նիդեռլանդցի պատգամավոր Փիթեր Օմտզիխտը,  որը զեկույց էր ներկայացրել Իրաքում ԻԼԻՊ–ի հանցագործությունների մասին` դրանք ցեղասպանություն որակելով։

Փաստաթուղթը միաձայն ընդունվել էր ԵԽԽՎ–ում 2017 թվականի հոկտեմբերին։