Տաքսու վարորդներն ու նրանց ընտանիքները ստիպված կլինեն ապրուստը հոգալ օրական 6 դոլարով

Տաքսու վարորդները կարող են խուսափել ֆինանսական դժվարություններից կամ մասամբ մեղմել դրանց հետևանքները հին պապական մեթոդով` առաջ գցելով հաշվիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Տաքսու վարորդները 2018 թվականին կզրկվեն եկամտի զգալի մասից, երկուշաբթի հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։

Զգուշացեք խարդախներից. ավտոմեքենաների գազը պետք է թանկանա ոչ ավելի, քան 10 տոկոսով

Նրա խոսքով` հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատակիցների եկամուտն առանց այն էլ մեծ չէ, իսկ վառելիքի գների թանկացումից հետո իրավիճակն ավելի է բարդացել։

Հայաստանում շուրջ 25 հազար տաքսիստ է աշխատում։ Երեկոյան (առավել հաճախ ուշ գիշերը) նրանք տուն են տանում 3-3.5 հազար դրամ։ Սա ամբողջ գումարն է, որ նրանց է մնում տաքսի ծառայությանը կամ ավտոմեքենայի վերանորոգման համար վճարած գումարը (եթե մասնավոր տաքսի է) հանելուց հետո։

Եթե գազը թանկացել է, իսկ ուղևորավարձը նույնն է մնացել, Մելքումյանի հաշվարկներով, տաքսիստների օրական եկամուտը կկրճատվի 700-800 դրամով, եթե հաշվիչի հետ մանիպուլյացիաներ չանեն։

«Այժմ նրանց 2700-2800 դրամ կմնա։ Բաժանեք այս գումարը չորս հոգանոց ընտանիքին և մտածեք», — հայտնեց Մելքումյանը։

Նկատենք, որ 2018 թվականից Հայաստանում եռակի աճել է սեղմված գազի ակցիզը` 1 խմ-ի դիմաց 8,3 մինչև 25 դրամ (ավելի քան 10% վերջնական գնի մեջ)։

Տարբեր գնահատականների համաձայն` Հայաստանում գազով են աշխատում մարդատար ավտոմեքենաների 80-90%-ը։