ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Մարտի 2-ին ԱԺ-ում տեղի կունենա ՀՀ նախագահի ընտրությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս ժամկետը նշեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կքննարկի հնարավոր թեկնածուների հարցը:
«Երբ այս շաբաթ կլինեն այդ քննարկումները, կլինեն անունները, այդ մասին մենք ձեզ տեղյակ կպահենք»,- խոստացավ Բաղդասարյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական խնդիրների կարգավորմամբ է զբաղվում, ինչը թույլ է տվել եզրակացնել, թե նա է ստանձնելու ՀՀ վարչապետի պաշտոնը ապրիլի 9-ից հետո, Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց՝ նշելով, որ այդ հարցերը գտնվում են ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում:
«Նմանատիպ բոլոր քաղաքական պատասխանատվությունները նախագահինն են, իսկ Կարեն Կարապետյանը կառավարության ղեկավարն է: Այն համակարգը, որ հիմա գործում է, Կարեն Կարապետյանը համաձայնեցված ձևով աշխատում է հանրապետության ղեկավարի հետ»,- ասաց նա:
Անդրադառնալով ապագա նախագահի ընտրության հարցին, Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ, նա պետք է լինի անկուսակցական, ունենա բարձր հեղինակություն՝ Սփյուռքում և միջազգային հարթակներում, քանի որ նոր նախագահի հիմնական աշխատանքը լինելու է արտաքին աշխարհի հետ հարաբերությունը: