Ճվճըվ Արոյի որդուն հովանավորու՞մ են. քննչական կոմիտեն հերքում է լուրերը

Մարդիկ հակված չեն հավատալու «քննություն է ընթանում» արտահայտությանը, բայց Քննչական կոմիտեում գիտեն, որ Վարդանյանի դեպքում չի կարելի համազգեստի պատիվը պահել լռությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայաստանի Քննչական կոմիտեն հետաքննում է քրեական հեղինակություն համարվող Ճվճըվ Արոյի որդու` Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ աղմկահարույց դեպքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՔԿ ղեկավարի տեղակալ Արթուր Ղամբարյանը։

Երկու ոստիկանի կյանք խլած ՃՏՊ–ի սարսափելի կադրերը

Մեկնաբանության համար առիթ են դարձել այն լուրերը, որ ՔԿ Արաբկիրի շրջանի բաժնի պետն արդեն հովանավորել է Սարգիս Վարդանյանին, ինչպես նաև նրա եղբայր Սերժին։

Ղամբարյանի խոսքով` Հայաստանի ՔԿ-ն չի հովանավորել Արա Վարդանյանի երեխաներին։ Պաշտոնյան խոստովանեց, որ «ընթանում է քննություն» արտահայտությունը վստահություն չի առաջացնում մարդկանց մոտ, սակայն Վարդանյանների գործը «այդ դեպքը չէ», որպեսզի լռությամբ պահեն համազգեստի պատիվը։

Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խաչիկ Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Քննիչը միաժամանակ որոշում է կայացրել՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։