Հայաստանում գրիպի վարակի բռնկում կա՞. պարզաբանում է գլխավոր համաճարակաբանը

Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանի կարծիքով հայերի շարքում սուր շնչառական վարակների և գրիպով հիվանդացության պատճառը միայն ցուրտ եղանակը չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Հայաստանի պոլիկլինիկաներում գրանցված սուր շնչառական հիվանդություններով երեխաների մեծ թիվը կախված է նրանից, որ ծնողներն ավելի հաճախ են դիմում շրջանային բժշկին, այսօր լրագրողներին ասաց Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը։

Անցած շաբաթ առողջապահության նախարարությունը հաղորդել էր, որ ամբողջ Հայաստանի տարածքում սուր շնչառական հիվանդություններով և գրիպով հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 600 մարդ։ Հանրապետությունում ՍՇՀ–ի աճը տոնական օրերին բժիշկները բացատրել են քաղաքացիների ակտիվ շփումով։ Միաժամանակ, հիվանդացածների մեծ մասը մինչև երկու տարեկան երեխաներ են։

Հեպատիտ. վարակի միջոցները

«Այսօր խոսել եմ մի քանի դպրոցների տնօրենների հետ, որպեսզի պարզեմ բացակայող աշակերտների թիվը։ Անհանգստանալու պատճառ չկա», – նշեց բժիշկը։

ՍՇՎ–ով երեխաների մեծ թիվը, ինչպես նշեց գլխավոր համաճարակաբանը, բոլորովին չի նշանակում, թե երեխաների շարքում համաճարակ կա։ Հարցն այն է, որ մեծահասակները վիրուսն ավելի հեշտ են տանում և ավելի քիչ են դիմում բժշկի։

«Հայաստանում հազվադեպ կարելի է հանդիպել 40-50 տարեկան մարդկանց, որոնք հիվանդության պատճառով դիմում են շրջանային պոլիկլինիկա։ Բոլորը բուժվում են տնային պայմաններում», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ Հայաստանում հիմա տարածված են A և B գրիպի վիրուսները։ Վիրուսները Հայաստան են թափանցում են այլ երկրներից, հատկապես, որ հայերը սիրում են նշել Նոր տարին երկրի սահմաններից դուրս։

«Գրիպը և սուր շնչառական վարակը սեզոնային հիվանդություններ են։ Իսկ Ամանորի տոների ժամանակ հայերը սիրում են համբուրվել միմյանց ողջունելիս։ Հետո էլ կան մարդիկ, որոնք Ամանորին ջերմությամբ և վարակիչ հիվանդություններով հյուր են գնում ընկերներին և հարազատներին, ինչը վիրուսի տարածման պատճառ է դառնում», – ասաց Ասոյանը։

Խոսելով այն մասին, որ ձյունը սպանում է վիրուսները և միկրոբները, Ասոյանն ասաց, որ դա ոչ մի գիտական հիմնավորում չունի, սակայն կա հետաքրքիր վիճակագրություն, որը հաստատում է սույն փաստը։

Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ցանկացած այլ երկրում ձյուն տեղալու պահից ՍՇՀ–ով հիվանդների թիվը կրճատվում է, հավելեց համաճարակաբանը։

Դեկտեմբերից Հայաստանում օդի ջերմաստիճանը բավական բարձր է եղել, Երևանում ցերեկը օդի ջերմաստիճանը կազմել է 4-6 աստիճան։ Նախօրեին Հայաստանում շատ մարզերում ձյուն է տեղացել։