ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հայի արյուն ունեցող Սաուդյան արքայազն Ալ Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզ ալ-Սաուդը փոխել է իր որոշումն ու առաջարկել իշխանություններին փրկագին տալով ազատվել կոռուպցիայի մեջ նրանց դեմ հարուցած մեղադրանքներից, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնել էին, որ արքայազնը չի ցանկանում գործարքի գնալ:
Անանուն աղբյուրների տվյալների համաձայն` Սաուդյան թագավորական ընտանիքի անդամ արքայազն ալ-Վալիդը Էր Ռիադին առաջարկել է խոշոր նվիրատվություն ձևակերպել պետբյուժեի այն ակտիվների հաշվին, որոնք նա կընտրի:
Բանակցությունների մասին ստացվող տեղեկությունների ֆոնին Ալ Վալիդին պատկանող Թագավորության հոլդինգային ընկերության բաժնետոմսերը մեկ օրվա ընթացքում 860 մլն դոլարով թանկացել են:
Այնուամենայնիվ, Սաուդյան իշխանությունները չեն ընդունել Վալիդի առաջարկը: Հաղորդագրությունների համաձայն` կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել վերջնական գնի վերաբերյալ:
«Նա կոնկրետ թիվ է ասել, սակայն այն չի համընկել մեր պահանջածի հետ», — հայտնել է գործակալության աղբյուրը:
Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ արքայազն Վալիդ իբն Թալալ իբն Աբդել Ազիզը հրաժարվել է գործարք կնքել Սաուդյան Արաբիայի իշխանությունների հետ։ Արքայազնը չի ընդունում իր մեղքը ու պահանջում է միջազգային աուդիտորական ընկերությունների ներգրավել` իր եկամտի ու միջոցների աղբյուրները պարզելու համար։ Բացի այդ, նա պահանջում է, որպեսզի անկախ հետաքննություն անցկացվի` անկախ փորձագետների ու միջազգային ատյանների մասնակցությամբ:
Սաուդյան Արաբիայում 2017թ-ի նոյեմբերի 4-ին այդ երկրի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդի հրամանով ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որն իր աշխատանքի առաջին օրերի ընթացքում կաշառակերության և փողերի լվացման մեջ մեղադրանքներ է առաջադրել տասնյակ մարդկանց, այդ թվում՝ 11 արքայազնի, մի քանի նախարարների և շուրջ 50 նախկին նախարարի։ Մեղադրվողներից մեկն արքայազն Ալ Վալիդ իբն Թալալն է՝ Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունը գնահատվում է 21,5 միլիարդ դոլար։
Արքայազն Թալալ իբն Աբդուլ Ազիզը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Ազիզի 20-րդ որդին է, որի մայրը հայ է։ Թալալի մայրը՝ Մունայիրը, փրկվել է Հայոց ցեղասպանությունից։ 12 տարեկանում Մունայիրին ներկայացրել են Աբդուլ Ազիզ արքային, 15 տարեկանում նա ծնել է առաջնեկին, որը մահացել է երեք տարեկանում։ Երկրորդ որդուն՝ Թալալին, Մունայիրը լույս աշխարհ է բերել 22 տարեկանում։