Օտարերկրացու սերը. «Ինձ ասում են, որ անցյալ կյանքում հայ եմ եղել»

Լաուրան շատ է սիրում ցայտաղբյուրներով, ժպտացող ու բարեհամբույր մարդկանցով Երևանը: Հայաստանի մայրաքաղաքում կան փողոցներ, սրճարաններ ու խանութներ, որոնք առավել շատ են նրան դուր եկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ղազախստանցի լրագրող Լաուրա Ժուսուպբեկովան ժամանակ առ ժամանակ Հայաստան է գալիս: Լինելով Ղազախստանի հեռուստաալիքներից մեկի հատուկ թղթակիցը՝ Ժուսուպբեկովան 2015 և 2016 թվականներին, աշխատանքի բերումով և անձնական հետաքրքրությունից դրդված, ուսումնասիրել է հայոց պատմությունը, մշակույթն ու ավանդույթները:

«Ամենաթանկ բանը, որ ինձ նվիրեց Հայաստանը, ընկերությունն է, ժպիտներն ու հայկական անկրկնելի  ջերմությունը»,– ասաց Լաուրան Sputnik Արմենիային տված հարցազրույցում:

Այսօր Ժուսուպբեկովան ավելի շատ ներգրավված է Ղազախստանից և Հայաստանից դուրս իրականացվող նախագծերում, բայց մեր երկրի հետ կապը չի կորցնում: Նոր տարվա կապակցությամբ լրագրողը չինական հեռուստատեսության համար գունեղ ռեպորտաժ էր պատրաստել հայկական Ամանորի մասին:

Օտարերկրացու աչքերով. հայկական լեռներն ու ջազը կանչում են էքստրիմի սիրահարին

Ռեպորտաժի համար Լաուրան կրկին այցելել էր Հայաստան ու հյուրընկալվել հայտնի նկարիչ, ազգագրագետ, գրող Լուսիկ Ագուլեցուն: Բացի այդ, նա այցելել էր նաև «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանին:

Նրան պատմել ու ցույց էին տվել, թե ինչպես է պետք պատրաստվել Ամանորին:

«Լուսիկ Ագուլեցին ավանդույթների ու սովորույթների պահապանն է: Նա մեկն է, ով միացնում է պատմությունն արդիականության հետ»,– ասաց Ժուսուպբեկովան:

Նրա խոսքով` նման մարդիկ Չինաստանում մեծ հետաքրքրություն են առաջացնում:

Լաուրան վստահեցրեց` անկախ նրանից` ինքը Հայաստանում է, թե ոչ, մեր երկիրը նրա սրտում է:

«Ընկերներս կատակում են, ասում են` քեզ Երևանի չափաբաժին է պետք. ես յուրաքանչյուր երկու ամիսը մեկ կարճաժամկետ արձակուրդ եմ վերցնում, որպեսզի ընկղմվեմ այս երկրի մեջ: Հայերը նույնպես կատակում են, ասում են` անցյալ կյանքում հաստատ հայուհի ես եղել», — ժպտաց նա:

Լաուրան սիրում է Գառնին, Գեղարդը, իսկ ամենից շատ սիրում է Երևանն իր ցայտաղբյուրներով, ժպտացող ու բարեհամբյուր մարդկանցով: Մայրաքաղաքում հասցրել է իր համար մի քանի փողոց, սրճարան և խանութ առանձնացնել, որոնք նա ուսումնասիրել ու հավանել է: Քաղաքի ամենահին փողոցներից մեկը` Աբովյան փողոցը, նա իրավամբ Երևանի ոգին է համարում:

Օտարերկրացու աչքերով. ինչո՞ւ է մոսկվացին Հայաստան փախել Ամանորին

Բացի այդ, Լուրան սիրահարվել է հայկական խոհանոցին, իսկ ավելի շատ` տեղական սուրճին: Նրա խոստովանությամբ՝ ինքն իր հետ «ջազվե» է տարել, և եթե նրա մոտ որևէ մեկն ասում է սրճեփ, նա անմիջապես ուղղում է՝ «ջազվե»:

«Ես ապրում էի «Վերնիսաժի» մոտ, այնտեղ յուրաքանչյուր անկյուն գիտեմ: Բոլորին խորհուրդ եմ տալիս լինել Վերնիսաժում», — ասաց նա:

Աղջիկը նույնիսկ սկսել է հայերեն սովորել, և արդեն գրեթե կարողանում է խոսել:

«Հայաստանն ինձ ձգում է, քանի որ այս երկիրն ինձ գրկաբաց ընդունեց, խնդիրների չեմ բախվել այստեղ: Անմիջապես յուրային դարձա: Նույնիսկ Աստանայի ղեկավարությունն էր կատակում, որ Հայաստանի մասին երբեք այդքան բան չէին իմանա, եթե ես չգայի Հայաստան», — ասաց Լաուրան:

Լրագրողը Հայաստանում իրեն լավ է զգում ոչ միայն որպես օտարերկրացի, այլև որպես պրոֆեսիոնալ: Նրա խոսքով` հայ լրագրողների բախտը բերել է. Հայաստանում բյուրոկրատիան ավելի քիչ է, քան Ռուսաստանում կամ Ղազախստանում. հանգիստ կարելի է զանգահարել որևէ խոշոր պաշտոնյայի կամ նախարարի և հարցազրույց անել նրա հետ։