Հովհաննես Չեքիջյանի տունը թալանած անձը գտնվեց. տեսանյութ

Վանաձորցի տղամարդը խոստովանել է, որ ինքն է գողացել Հովհաննես Չեքիջյանի շքանշաններն ու մեդալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հունվարի 12-ին, ժամը 23-անց 50-ի սահմաններում 1-02 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ «Վահագնի» թաղամասի տներից մեկում գողություն է եղել:

Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայր է հասել:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 22-անց 40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել թանկարժեք իրեր:

Տանը ոչ մեկ չէր եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերը արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր:

Ոստիկանները մոտակայքում հայտնաբերել էին ծառի տակ թաքնված կասկածյալին։

Բաժնում պարզվել է նրա ինքնությունը՝ Վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանել է կատարածը:

Պարզվեց նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ՝ այդ թվում ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից:

Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ: