Չհայտարարված պատերազմ. հայերը Թուրքիային դուրս մղելու հարցում կարող են օգնել Ռուսաստանին ու Իրանին

Մոսկվան ու Թեհրանը փորձում են զրոյի հասցնել Անկարայի ներկայությունը Սիրիայում, կարծում է քաղաքագետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ռուսաստանն ու Իրանն ակտիվ աջակցություն են ցուցաբերում սիրիական բանակին` Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող ուժերին Սիրիայից դուրս մղելու համար, ուրբաթ լրագրողներին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Սիրիայում դե ֆակտո նոր չհայտարարված պատերազմ է սկսվել, որի նպատակը թուրքական ուժերին դուրս մղելն է։ Սիրիական բանակի ցամաքային ուժերը լայնածավալ առաջխաղացում են իրականացնում Իդլիբի շրջանում», — ասաց Շաքարյանցը։

Ռուսաստանն ու Իրանն աջակցում են սիրիացիների գործողություններին։ Վերջին տվյալներով` ռուսական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Թուրքիայի սահմանին գտնվող գրոհայինների բազան։

Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ Թուրքիան հետ է կանչել Ռուսաստանի և Իրանի դեսպաններին։ Ըստ Շաքարյանցի` նշանակում է, որ Մոսկվան ու Թեհրանը նպատակաուղղված դուրս են մղում Թուրքիային։

Նա նշեց, որ Իդլիբում ամրապնդվել են ահաբեկիչների տարբեր խմբավորումները, ինչպես նաև այսպես կոչված «ընդդիմությունը», որը քիչ է տարբերվում իսլամիստներից։ Ռուսաստանն իզուր չի հայտարարել, որ «Հմեյմիմ» բազայի գնդակոծության ժամանակ անօդաչու թռչող սարքերը եկել են Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։

Արցախյան հետհաշվարկ, կամ որտեղի՞ց Սիրիայում կամիկաձե դրոններ

«Պաշտոնապես նրանք հայտարարում են, որ Սիրիան մաքրում են ահաբեկչական խմբերից։ Հասկանալի չէ, թե որ փուլին կհասնի Ռուսաստանի և Իրանի հարաբերությունների սրումը մի կողմից և Թուրքիայի` մյուս կողմից։ Բացի այդ, Թուրքիան հայտարարում է, որ Մոսկվան ոչ միայն զորքերը դուրս չի բերել Սիրիայից, այլ նաև ավելացրել է իր ներկայությունը», — ասաց Շաքարյանցը։

Նրա խոսքով` Անկարայում լավ են հասկանում, որ իրենց փորձում են դուրս մղել երկրից։ Բայց հասկանալի չէ, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները։

Փորձագետը հնարավոր է համարում, որ Սիրիա կմտնեն Հաշդ աշ Շաաբի իրաքյան խմբավորման անդամները, որտեղ պայքարում են ոչ միայն շիիթները, այլ նաև քրիստոնյաներն ու եզդիները։

«Ես չեմ բացառում, որ ապագայում Սիրիայի հյուսիս կարող է մտնել հենց «Բաբելոնյան ջոկատ» կազմակերպության քրիստոնեական ջոկատը։ Նրանց շարքում հայեր և ասորիներ կան։ Այնտեղ կարող է լինել դերերի վերաբաշխում։ Օրինակ` եզդիներին կարող են թույլ տալ մտնել Սիրիայի քրդական շրջաններ»,- ասաց Շաքարյանցը։

Նա նշեց, որ, չնայած Թուրքիայի հետ Իրանի և Ռուսաստանի բարեկամության մասին հայտարարություններին, նրանք ամեն կերպ կփորձեն սահմանափակել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։