Ծեծկռտուք Երևանում. 16 տարեկան տղային տեղափոխել են հիվանդանոց

Կռվի մասնակիցները դպրոցի և քոլեջի սովորողներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 11-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված ահազանգի փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ծեծկռտուք` համայնքների խոշորացման պատճառով. 6 մարդ ձերբակալվել է

Ժամը 16։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 16-ամյա Էդգար Ա.-ն։ Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հալաբյան փողոցում վայր ընկնելու հետևանքով։

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները, որոնց հիվանդանոցում հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Կարճ ժամանակ անց Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում Արզումանյան փողոցի թիվ 5 և 7 շենքերի միջնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Էդգար Ա.-ի գլխին քարով հարվածել է Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ 17-ամյա Գոռ Մ.-ն։

Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել են Արզումանյան փողոցի բնակիչ՝ 17-ամյա Վիլեն Կ.-ն, Հալաբյան փողոցի բնակիչ՝ 18-ամյա Արման Հ.-ն և Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ 16-ամյա Էրիկ Ա.-ն։

Վերջիններս հայտնաբերվել են։

Կայքի տեղեկություններով՝ երեխաների մի մասը սովորում է Երևանի թիվ 118 դպրոցում, մի մասն էլ՝ «Պլեխանովի անվան քոլեջում»։