Ռումբը հայի բեռնախցիկում. իշխանությունը չի ուզում նյարդայնացնել վարորդներին, բայց պատրաստ է ռիսկի դիմել

Բոլոր այն արհեստանոցները, որոնք մեքենաներում գազի բալոն են տեղադրում կամ թեստավորում անցկացնում, պետք է արտոնագիր ստանան։ Այսպես են որոշել կառավարությունում։ Բայց հետո փոխել են մտադրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ կա ցանկացած հայի… կամ գրեթե ցանկացած հայի բեռնախցիկում։ Ո՛չ խորովածի շամփուր, ո՛չ էլ տնական գինի։ Այնտեղ գազի բալոն է դրված, որի մեջ 200 մթնոլորտ ճնշման տակ գազ են լցնում։ Ո՞վ է պատասխան տալու, եթե այն պայթի գազալցակայանում, մարդկանց ու մեքենաների կուտակման վայրում։

2017 թվականին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնահրարեց կարգի բերել այդ ոլորտը, քանի որ պետության գնահատմամբ, սեղմված գազով աշխատում է մարդատար մեքենաների 75%-ը։ Իսկ այդ բալոնները դիագնոստիկայի են «ուղարկում» վարորդների միայն 5-7%-ը։

Զգուշացեք խարդախներից. ավտոմեքենաների գազը պետք է թանկանա ոչ ավելի, քան 10 տոկոսով

Կառավարությանը ստեղծված աշխատանքային խումբն առաջարկել է լիցենզավորել բոլոր արհեստանոցները, որոնք գազի բալոններ են տեղադրում ու փորձարկում։ Հետո նախագծում փոքր, բայց էական փոփոխություն է արվել`«լիցենզավորումը» փոխարինվել է «ծանուցում» բառով։

«Այսինքն պետությունը չի ստուգելու` արդյոք մենք պատրաստ ենք աշխատելու։ Ուզում է իր վրայից գցել պատասխանատվությունը։ Կաշխատենք մենք ըստ կանոնների, թե ոչ, ինքներս ենք որոշում։ Կարելի՞ է տասնյակ ու հարյուրավոր մարդկանց անվտանգությունը թողնել մեր հայեցողությանը», — հարցնում է «Ավտոգազ» ասոցիացիայի ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը։

Իհարկե, օրինագիծը չի չեղարկում 2005 թվականի տեխնիկական կանոնակարգը։ Թե ինչ սարքավորումներ է պետք օգտագործել, ինչ մասնագետների ընդունել, ինչպես բալոնները տեղադրել, պատերի հաստությունը ստուգել. այս ամենի համար սահմանված կանոններ կան, ու դրանք գործում են։ Բայց ո՞վ է այդ ամենի համար պատասխանատու։ Վերջին ավելի քան տասը տարիների ընթացքում այդ ամենը ոչ ոք չի ստուգել։

Հետևանքն ԱԻՆ-ի տխուր վիճակագրությունն է։ 2016 թվականի ընթացքում գրանցվել է 119 ՃՏՊ` բալոնների շահագործման կանոնների խախտման հետևանքով։ Սա ավելի քան երեք անգամ գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը։ Իսկ այս ամբողջ ընթացքում 2010-16 թվականներին 23 մարդ մահացել է, 82-ը` վնասվածքներ ստացել։

Մի վթար այս կողմ, մի վթար այն կողմ. կառավարությունը դրանից բան չի կորցնում։ Այլ է ապահովագրական ընկերությունների հարցը… չէ՞ որ նրանց համար յուրաքանչյուր վթար ԱՊՊԱ-ի հատուցում է։ Սակայն ԱՊՊԱ-ի սակագներում չստուգված բալոնների համար ռիսկի գործակից սահմանված չէ։ Գուցե առանց այդ էլ լարված վարորդներին էլ ավելի չնյարդայնացնելու համար։

Այդ ամենը ժամանակատար է ու ծախսատար, բայց անվտանգությունն ավելի կարևոր է, կարծում է Տիգրանյանը։ Նա պատրաստ է պայքարել այդ օրինագծի համար։