Սարգսյան. «Ցանկալի է, որ Հանրապետության նախագահն ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնությամբ»

ՀՀ նախագահը խորհրդարանականներին հորդորել է ձեռքը պահել երկրի զարկերակի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի շարք հարցերի վրա:

Հանրապետության Նախագահի խոսքից հետո Արա Բաբլոյանը ներկայացրել է Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ու արդյունավետության բարձրացման նպատակով ԱԺ 6-րդ գումարման գործունեության ընթացքում իրականացված աշխատանքները, հանրությանը հետաքրքրող կարևորագույն և արդիական հարցերի շուրջ խորհրդարանում կայացած լսումները, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների գործունեության հիշյալ ժամանակահատվածի արդյունքները, այդ թվում` խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը հաստատեց` նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը

Խորհրդարանի նախագահը, նրա տեղակալները և հանդիպմանը ներկա մյուս պատգամավորները` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Ծառուկյան» խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները քննարկման ժամանակ իրենց տեսակետներն ու առաջարկություններն են ներկայացրել Հանրապետության Նախագահի կողմից կարևորված խնդիրների և առաջիկա անելիքների, խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում ԱԺ-ի աշխատանքի առաջնահերթ ուղղությունների, ինչպես նաև առկա խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Խորհրդարանականները համակարծիք են եղել, որ պետության համար կարևորագույն հարցերում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը մշտապես ցուցաբերել են միասնականություն և համախմբել են ուժերը ինչպես միջազգային խորհրդարանական կառույցներում աշխատանքի ժամանակ, այնպես էլ երկրի պաշտպանությանը, անվտանգությանը վերաբերող հարցերում: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում նրանք ընդգծել են ԱԺ աշխատակազմի հատկապես վերլուծական, փորձագիտական կարողությունների հզորացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, տարբեր երկրների հետ բարեկամության խմբերի աշխատանքի որակի բարելավումը:

Նախագահ Սարգսյանը ընդգծել է, որ չպետք է բավարարվել արվածով, այլ անհրաժեշտ է պահպանել աշխատանքի տեմպը, որպեսզի առկա բոլոր խնդիրներին ճիշտ ժամանակին անհրաժեշտ օրենսդրական լուծումներ տրվեն:

Նախագահին անհանգստացրել է գնաճը. նա հանձնարարել է ուսումնասիրել պատճառները, մեղմել հետևանքները

«Մեզ յուրահատուկ առաքելություն է վիճակվել Հայաստանի կառավարման համակարգը վերափոխելու ուղղությամբ: Ապրիլի 9-ից Հայաստանի Հանրապետությունն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, և պետք է ասեմ, որ բավարարված եմ այս ուղղությամբ Ազգային ժողովի կողմից իրականացվող աշխատանքներով. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր դուք ընդունել եք 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են:

Սրանք լավ և, իհարկե, դրական միտումներ են, այդուհանդերձ, չպետք է պարզապես արձանագրենք այս ցուցանիշը և բավարարվենք արվածով:

Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը, նոր օրենքներ պետք է ընդունվեն Սահմանադրական դատարանի մասին, կառավարության, անվտանգության խորհրդի մասին, և այս անցումային շրջանը պետք է հաջողությամբ ավարտենք, իսկ հաջողության չափանիշն այս պարագայում լինելու է սահուն, հարթ և անցնցում ընթացքը»,–ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի կարծիքով` անցած գրեթե ութ ամիսները ցույց են տվել, որ Ազգային ժողովը հիրավի հանդիսանում է Հայաստանի հասարակական և քաղաքական գործընթացների կենտրոնական և հիմնական հարթակը:

Կարևոր դերակատարություն է վերապահված սահմանադրական փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր մարմնին` Ազգային ժողովի խորհրդին:

«Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության և փոքրամասնության երկխոսության և համատեղ աշխատանքի կարևոր հարթակ: Այս առումով, ինչպես և աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներում, ամեն ինչ չէ, որ հարթ և սահուն է ընթանում: Լիագումար նիստերում, երբեմն, ոչ միայն ընդդիմությունը, այլև կառավարող ուժի ներկայացուցիչները տեղի են տալիս հույզերին և շիկացնում մթնոլորտը, բայց սրանք ժողովրդավարական զարգացման և աճի բնականոն խնդիրներ են, որոնք, համոզված եմ, ժամանակի հետ, հանդարտվելու են:

Այստեղ պետք է նշեմ, որ ես գնահատում եմ Ազգային ժողովի նախագահի հետևողականությունը և համբերությունը որոշ պատգամավորների հետ շփումներում: Բոլոր պարագաներում մենք պետք է շարունակենք ամրապնդել հանդուրժողականությունը և փոխադարձ հարգանքը ծավալվող քաղաքական քննարկումներում: Կառավարող ուժի ներկայացուցիչները պետք է լինեն ավելի զուսպ՝ հաշվի առնելով իրենց կարգավիճակը:

Իշխանության հայկական բուրգի խոցելիության բանաձևը. ո՞րն է ապագա վարչապետի ու նախագահի թույլ կետը

Դեպի ապագան միտված այս անցումային շրջանում մեր ուշադրությունից չպետք է վրիպեն նաև երկրի առօրյայի և սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները: Մի քանի օր առաջ խորհրդակցություն էի հրավիրել առանձին ապրանքատեսակների գնաճի և դրա հետևանքների մեղմման լուծումների շուրջ: Խորհրդարանը պետք է իր ձեռքը պահի երկրի զարկերակի վրա, և սա բնական է: Ազգային ժողովն արդեն մի քանի ուշագրավ խորհրդարանական լսումներ է անցկացրել, և գուցե արժե նաև այս հարցի շուրջ նման լսումներ կազմակերպել, որպեսզի հարցը հանգամանորեն հրապարակավ քննարկվի, և մարդիկ տեսնեն իրողությունները: Ինքներդ տեսեք նպատակահարմարությունը, բայց կարծում եմ, որ օգտակար կարող է լինել»,–ասել է նախագահը:

Նախագահի խոսքով` ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի որակի աճ կա: Հայաստանին պետք է այնպիսի խորհրդարան, որը ոչ միայն ճիշտ ժամանակին ընդունի բոլոր անհրաժեշտ օրենքները, այլև իրականացնի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն: «Այս առումով կարծում եմ, որ Ազգային ժողովը ճիշտ ճանապարհին է:

Դրան զուգահեռ նաև ամրապնդվում է Ազգային ժողովի աշխատակազմը: Ապագայում Հանրապետության Նախագահի աշխատակազմն էապես ներգրավված չի լինելու օրենսդրության մշակման և սրբագրման գործընթացին, ուստի պատասխանատվության առյուծի բաժինն ընկնելու է հենց խորհրդարանի աշխատակազմի վրա: Սա էլ շատ կարևոր հանգամանք է, և մենք շատ ուշադիր պետք է լինենք սրա նկատմամբ:

Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ: Մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Հուսով եմ, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ: Եվ իհարկե, ցանկալի է, որ Հանրապետության նախագահը ընտրվի խորհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում»,–ասել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը կլքի ապրիլի 9-ին

Նախագահը հիշեցրել է, որ մինչև այս տարվա մարտի 9-ը Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներին: Դժվար է գերագնահատել այս մարմնի կարևորությունը՝ հաշվի առնելով նրան վերապահված լիազորությունները դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու գործում: Այս մարմինը վճռորոշ նշանակություն է ունենալու մեր երկրի ապագայի համար:

«Գալիք ամիսներին անհրաժեշտ է լինելու նաև լրացնել սահմանադրական դատարանի կազմում առաջացող թափուր տեղերը: Ազգային ժողովը նաև պետք է նշանակի նորաստեղծ ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին: Կարիք չկա բացատրելու, թե որքան կարևոր է մեր երկրի և տնտեսության ապագայի համար այդ չարիքի դեմ պայքարելը:

Եվ, անշուշտ, ապրիլի 9-ից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի նաև Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Ես նշեցի որոշ ուղենիշներ դեպի կառավարման նոր համակարգ տանող մեր ճանապարհային քարտեզի վրա: Այսօր գուցե արժե կենտրոնանալ և անդրադառնալ ընդհուպ մինչև մարտի կեսը կամ ապրիլի սկիզբը տեղի ունենալիք զարգացումների վրա: Ակնկալում եմ, որ դուք ակտիվ և անկաշկանդ կլինեք այս քննարկման ընթացքում»,–ասել է երկրի ղեկավարը:

Սարգսյանը հիշեցրել է, որ այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-րդ տարեդարձը, և պատասխանատվություն ենք կրում ոչ միայն ժամանակակիցների, այլև Հայաստան աշխարհի հազարամյակների պատմության և մայիսյան մարտերի հերոսների հիշատակի հանդեպ: