ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik.«Պրավդա–նյուզն» անդրադարձել է հայկական ընտանիքին, որն անվճար հաց է բաժանում Պենզայի մարզում։
Թեհմինե Հարությունյանի ծնողները Պենզայի մարզի Իսսա գյուղ են տեղափոխվել Վանաձորից։ 90–ականներին, երբ այնտեղ կործանվել է գրեթե ամբողջ խորհրդային արդյունաբերությունը, նրա հայրը` Նշան Հարությունյանը, մեկնել է Ռուսաստան` արտագնա աշխատանքի։ Հետո նա որոշել է իր մոտ տանել ընտանիքը։
Սկզբից նա որոշել է մնալ Կրասնոդարի երկրամասում` հայրենակիցների մոտ։ Բայց նրա կնոջն ավելի շատ դուր է եկել Իսսա շրջկենտրոնը։ Խաղաղ վայր է, հնարավորությունները շատ չեն, բայց Հարությունյաններն արագ հարմարվել են նոր վայրում։
Մի քանի տարի անց մթերքի խանութ են բացել, որտեղ աշխատել են ամբողջ ընտանիքով։ Թեհմինան որպես վաճառող է աշխատել խանութում, ինչի շնորհիվ ծանոթացել է գյուղի բոլոր բնակիչների հետ։ Այստեղ գալիս են շատ միայնակ թոշակառուներ։ ԽՍՀՄ անկումից հետո այստեղ աշխատանք չկա։ Երիտասարդությունը ցրվել է, իսկ տարեցներն ապրում են սուղ կենսաթոշակով։
Ամեն օր տատիկները կամ պապիկները կանգնում են վաճառասեղանի մոտ ու հաշվում վերջին կոպեկները։
Հայերենում հայտնի խոսք կա` ցավդ տանեմ։ Թեհմինան այդպես էլ որոշել է։ Եղբոր հետ (հայրն արդեն մահացել է) որոշել են թեկուզ շաբաթական մեկ անգամ հաց բաժանել այս մարդկանց։ Հենց այսպես։ Օգնել է նաև հացի փռերից մեկը։ Իմանալով այդ մասին` փռից համաձայնել են էժան գնով տրամադրել հացը։
Հիմա ամեն կիրակի Հարությունյանները հարյուրավոր հացեր են բաժանում։ Ու նաև մտածում են, որ ամիսը մեկ անգամ կամ թեկուզ տոներին օգնեն տարեցներին նաև պարենամթերքով։