Երևանում ավտովթարի զոհ դարձած ոստիկանը գյուղի «աշխարհաբեկն» էր, մի քանի օր առաջ էր որդի ունեցել

«Հայկական ժամանակ» օրաթերթը մանրամասներ է հայտնում Երևանի կենտոնում տեղի ունեցած ՃՏՊ–ի զոհ դարձած Ճանապարհային ոստիկանության տեսուչների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՃՈ տեսուչներից մեկը` 33 տարեկան Խաչիկ Գասպարյանը, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Շահումյանի գյուղապետարանի աշխատակիցը թերթի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ Գասպարյանը նոր էր ամուսնացել, հունվարի 3-ին որդի էր ունեցել։

«Երևի չի հասցրել անգամ որդուն տեսնել։ Մեր գյուղի ամենապարզ, բարի, խելոք տղան էր: Այնքան բոյով էր, որ նրան ասում էինք մեր գյուղի Աշխարհաբեկ»,- ասել է թերթի զրուցակիցը:

Նրա խոսքով՝ Խաչիկ Գասպարյանի հայրը նույնպես աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում: ՃՈ տեսուչը երկու քույր ուներ:

Երկու ոստիկանի կյանք խլած ՃՏՊ–ի սարսափելի կադրերը

Ավտովթարի մյուս զոհը` ՃՈ տեսուչ 28 տարեկան Արեգ Դավթյանը, Երևանի բնակիչ էր, ամուսնացած էր և ուներ անչափահաս երեխա: Դավթյանը համակարգում աշխատել է 2013 թվականից, կոչումով՝ ավագ լեյտենանտ: Նրա հոգեհանգստի արարողությունն այսօր է:

Հունվարի 8-ի լուսադեմին Երևանում իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի և «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել էր, իսկ ուղևոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց և մի քանի ժամ անց մահացել: