Սիրիայի ամենահայաշատ քաղաքը կվերականգնեն Ռուսաստանի հետ միասին

Սիրիայի զբոսաշրջության նախարար Բիշր Յազիջին հայտարարել է Հալեպի վերականգնման մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Հալեպի զբոսաշրջային ոլորտի ու հայտնի պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներով կզբաղվեն ռուսական և սիրիական ընկերությունները: Sputnik Arabic-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է Սիրիայի զբոսաշրջության նախարար Բիշր Յազիջին (Bishr Yaziji):

Ինչպես հայտնի է, Հալեպի (քաղաք, որն իրավամբ համարվում է Սիրիայի ամենահայաշատ քաղաքը) զբոսաշրջային ենթակառուցվածքները գրեթե ամբողջությամբ քանդված են ահաբեկչական հարձակումների պատճառով:

Սիրիայի «ամենահայկական» քաղաքը նշել է Սուրբ ծնունդը. լուսանկարներ

«Նախատեսվում է զարգացնել ու աջակցել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր զբոսաշրջային կազմակերպություններին», — ասել է նախարարը:

Ներկա պահին հատուկ կոմիտեներ են ստեղծվել վնասի չափը գնահատելու, ինչպես նաև վերականգնողական աշխատանքների ծրագրի մշակման համար, ավելացրել է Յազիջին:

Նախարարը նշել է նաև, որ քաղաքի համապատասխան զբոսաշրջային օբյեկտների վերականգնման համար արդեն գումարներ են հատկացրած: Նախ` կվերականգնեն հին շուկայի առևտրային շարքերը: Կարևոր է նաև «Շերատոն» հյուրանոցի վերականգնումը, որը փակել էին ահաբեկչական հարձակման պատճառով:

«Այն գտնվում է Հին քաղաքի հարևանությամբ, որը կյանք է տալիս ամբողջ Հալեպին: Դրա աշխատանքը կնպաստի առևտրի, տնտեսության և զբոսաշրջության արագ վերականգնմանը», — ասել է Յազիջին:

Կյանքը հաղթեց մահին. Հալեպում տոնածառ են զարդարել

Նախօրեին Սիրիայի էներգետիկայի նախարար Զահեր Խարբութլին (Zaher Kharbutli) իր հերթին հայտարարել էր, որ Հալեպը կապահովվի էլեկտրաէներգիայով` երկու նոր էլեկտրահաղորդման գծերի շնորհիվ, որոնք քաղաքին լրացուցիչ 375 ՄՎտ կտան:

Առաջինի երկարությունը կկազմի 6 կմ և կարժենա 300 մլն սիրիական լիր: Երկրորդն անցկացվելու է Համայից, նրա նախագծային երկարությունը 170 կմ է և այն 4 մլրդ սիրիական լիր կարժենա: Կառավարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի Սիրիայի նշանակությամբ երկրորդ քաղաքն ապահովի էլեկտրաէներգիայով, քանի որ դա կնպաստի արտադրության ամբողջական վերականգնմանը, ասել է Սիրիայի էներգետիկայի նախարարը:

Նշենք, որ մինչև հակամարտության սկիզբը Սիրիայի Հալեպ քաղաքում շուրջ 60 հազար հայ էր բնակվում: Սիրիայի հայ համայնքը համարվում էր աշխարհի ամենահզոր համայնքներից մեկը և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում իր կազմում։

Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան  90 հազար հայ լքել է Սիրիան։