Հատուկ համարներով արտոնյալները. ո՞ւմ չեն պատժում երթևեկության կանոնները խախտելու համար

Հայաստանում արտոնյալ, անպատժելի խավ կա, որոնց ճանապարհային ոստիկանությունը չի պատժում։ Ովքե՞ր են նրանք և ինչո՞վ են տարբերվում մյուս վարորդներից. լրագրողներին ներկայացրել է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Վերլուծելով «ՃվՃըվ Արո» անունով քրեական շրջանակներում հայտնի Երևանի ավագանու նախկին անդամ Արա Վարդանյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարը` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները հանգել են այն եզրակացության, որ Հայաստանում ստեղծվել է արտոնյալների խավ, ովքեր երթևեկության կանոնները խախտելիս անպատիժ են մնում։

Այսօր նախաձեռնության ներկայացուցիչները նման տեսակետ հայտնեցին լրագրողների հետ հանդիպմանը` վերջինների ուշադրությունը հրավիրելով վթարից հետո տարածված այն հայտարարությանը, թե Սարգիս Վարդանյանի վարած BMW X 6 ավտոմեքենայի միջից հայտնաբերվել են մի քանի հայկական և ռուսական համարանիշներ։

«Ճվճըվ Արոյի» որդու նախկին «հերոսությունները». մարիխուանայից մինչև մահվան ելքով վթար

Անդրադառնալով այդ փաստին` «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները համոզմունք հայտնեցին, որ արտասահմանյան, տրանզիտ, դիվանագիտական, ինչպես նաև պետական մարմինների հաշվեկշռում գրանցված համարանիշներով ավտոմեքենաների խախտումները Հայաստանում չեն արձանագրվում և չեն պատժվում։

«Իրենք օգտագործում են ոչ մի տեղ չգրանցված համարանիշներ, որ, եթե տեսախցիկներով խախտումը ֆիքսվի էլ, իրենք տուգանքի մասին որոշում չստանան»,– ասաց նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը` հավելելով, որ գոյություն չունեցող կեղծ համարանիշներ Հայաստանում պատրաստվում են, և ՃՈ–ն էլ նման համարանիշներ հայտնաբերելու դեպքում ոչնչացնում է դրանք։

Նման դեպքերի դեմ պայքարելու համար բանախոսներն առաջարկում են ոստիկանության շրջիկ ավտոմեքենաներով քաղաքի փողոցներում մոնիթորինգի ենթարկել պետհամարանիշներն ու բացահայտել կեղծիքները։ Իսկ ինչ վերաբերում է արտասահմանյան կամ տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաներին, դրանց տուգանքի հարցը նախաձեռնության անդամների կարծիքով, կարելի է լուծել հենց սահմանի վրա` հաշվառել երկիր մուտք գործող ավտոմեքենաներն ու դրանց սեփականատերերին և երկրից դուրս գալիս պահանջել վճարել կատարած խախտումների դիմաց։