ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին և Զավեն Կարապետյանին:
ԿԽՄԿ-ի հայաստանյան ներկայացուցչության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հերթական այցելությունները կայացել են դեկտեմբերի 21-ին ու 28-ին։
Ադրբեջանական կողմը ձերբակալվածներին դիվերսանտ է որակում։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Զավեն Կարապետյանը ՀՀ զինված ուժերում չի ծառայել, քանի որ առողջական խնդիրներ է ունեցել (մտավոր հետամնացություն) և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով ազատվել է ծառայությունից։
Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանին գերեվարել են 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ձերբակալությունից մեկուկես ամիս անց Ադրբեջանի իշխանությունները մեղադրել են դիվերսիայի ու սպանության մեջ` ներկայացնելով նրան որպես «դիվերսիոն խմբի անդամ»։
Ադրբեջանի դատարանը Բաղդասարյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել։