Քանի՞ երկիր կարող են մեկնել ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի. վարկանիշ

Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունն աշխարհի երկրների անձնագրերի նոր ցանկ է հրապարակել, որում նշվում է, թե տարբեր երկրների քաղաքացիներն առանց վիզայի ձևակերպման քանի երկիր կարող են այցելել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Հայաստանը բարելավել է իր դիրքերը Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերության` աշխարհի երկրների անձնագրերի ամենամյա վարկանիշում։ Հայաստանը 78-րդ հորիզոնականից տեղափոխվել է 76-րդ։ Այժմ Հայաստանի քաղաքացիները կկարողանան կարող են առանց վիզայի այցելել 59 երկիր։

Henley & Partners ընկերությունը 2018 թվականին ուսումնասիրել է 200 երկիր և տարածք:

Հայաստան` առանց վիզայի. ինչով մեր երկիրը կարող է գրավել զբոսաշրջիկներին

Վրաստանը զբաղեցրել է 53-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 72-րդ: Ռուսաստանը հայտնվել է 48-րդ տեղում: Թուրքիան 50-րդն է, Ղազախստանը` 65-րդ։

Վրաստանը զգալիորեն բարելավել է դիրքերը` 2017 թվականին Շենգեն գոտու երկրներ առանց վիզայի մեկնելու հասանելիություն ստանալու շնորհիվ։

Վերջին հինգ տարվա ընթացքում համաշխարհային վարկանիշի առաջատարը Գերմանիան է։ 2018 թվականին Գերմանիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 177 երկիր։

Վարկանիշային ցանկի առաջին տեղը հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Գերմանիան, որի անձնագրով հնարավոր է ազատ մեկնել աշխարհի 177 երկիր: Երկրորդ տեղում է Սինգապուրը (176 երկիր), երրորդ տեղում ութ երկիր է ընդգրկվել՝ Մեծ Բրիտանիան, Դանիան, Իտալիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան, Ճապոնիան:

Վարկանիշում վերջին տեղը բաժին է ընկել Աֆղանստանին, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել աշխարհի 24 երկիր։

Անձնագրերի նոր ինդեքսը, որը նախկինում հայտնի էր որպես վիզային սահմանափակումների ինդեքս (վերանվանվել է 2018 թվականին), հրապարակվում է 2006 թվականից։ ՎԱրկանիշը կազմում է Henley & Partners ընկերությունը` համագործակցելով Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) հետ։ Henley & Partners-ը միջազգային առաջատար ընկերություն է, որը գործում է բնակության վայրի պլանավորման ոլորտում։