«Ճվճվների» քաջագործությունները. հայտնի Արոյի երկրորդ որդուն ևս բերման ենթարկեցին

Ոստիկանությունը հայտնաբերել ու բերման է ենթարկել քրեական միջավայրում հայտնի Ճվճըվ Արոյի նաև երկրորդ որդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ոստիկանները գտել ու բերման են ենթարկել քրեական շրջանակում հայտնի Ճվճըվ Արոյի` Երևանի ավագանու նախկին անդամ Արա Վարդանյանի երկրորդ որդուն` Սերժ Վարդանյանին։ Այս լուրը Sputnik Արմենիային հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

Նրա խոսքով, Սերժ Վարդանյանը մինչ այդ հետախուզման մեջ էր միաժամանակ երկու քրեական գործով։

Երկու ոստիկանի կյանք խլած ՃՏՊ–ի սարսափելի կադրերը

2017թ. սեպտեմբերի 12-ին նա Հրաչյա Քոչար փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահից պոկել և բացահայտ հափշտակել էր Կարեն Գասպարյանի պարանոցի ոսկե շղթան, հետո ստորագրությամբ ազատ էր արձակվել։ Բայց մինչ ընթանում էր քրեական գործի նախաքննությունը, Վարդանյանը նոյեմբերի 26-ին ծեծկռտուք էր սարքել «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում, ծեծել ու հայհոյել մատուցողին։

Այս դեպքից հետո Վարդանյանը թաքնվել էր արդարադատությունից ու դեկտեմբերի 27-ից ի վեր հետախուզվում էր։

Տարօրինակ պատահականությամբ ոստիկանները Սերժ Վարդանյանին հայտնաբերել են միայն այն բանից հետո, երբ ձերբակալվեց նրա ավագ եղբայրը` Սարգիս Վարդանյանը։

Հիշեցնենք` հունվարի 8-ի գիշերը Երևանի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում Սարգիս Վարդանյանն իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով հարվածել էր ոստիկանական ավտոմեքենային, որում գտնվող ոստիկանության երկու երիտասարդ ծառայողները վթարի հետևանքով մահացել էին։ Դեպքի վայրից փախուստի դիմած Սարգիս Վարդանյանը հաջորդ օրը ներկայացել էր ոստիկանություն ու ձերբակալվել։