Առաջին 120 զորակոչիկները «Ես եմ» ծրագրին մասնակցելու հայտ են ներկայացրել

Ապագա զինծառայողները որոշել են օգտվել ՀՀ ՊՆ–ի նոր ծրագրի շրջանակում տրամադրվող արտոնություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության «Ես եմ» ծրագրով ծառայելու հայտ է ներկայացրել 120 մարդ. կենտրոնական հավաքակայանում լրագրողներին ասաց Հայաստանի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը:

«Զինծառայողները կամավոր հիմունքով կարող են ՊՆ-ի հետ պայմանագիր ստորագրել», — ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` 2017 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել 120 մարդ։ Նրանք վիճակահանության միջոցով ծառայության վայր ընտրելու հնարավորություն չեն ունենա, քանի որ բոլորն էլ նույն ստորաբաժանման կազմում ծառայելու են առաջնագծում։

Ինչ վերաբերում է «Պատիվ ունեմ» ծրագրին, ապա դրա արդյունքները, ըստ Հակոբյանի, կերևան ուսումնական տարվա ավարտին և բուհական ընդունելությունների ժամանակ։

«Չկրթված» զինվորներ. պետք է արդյոք մեզ տարկետում բանակից, թե՞ ոչ

Հիշեցնենք, որ 2017 թվականին ՊՆ-ն պայմանագրային ծառայության երկու ծրագիր ներկայացրեց («Պատիվ ունեմ» և «Ես եմ»)։

«Պատիվ ունեմ» ծրագրից օգտվող ուսանողները բանակից տարկետում կստանան ուսումը շարունակելու համար (բակալավր), միևնույն ժամանակ նրանք կմասնակցեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին։ Ուսումն ավարտելուց հետո նրանց լեյտենանտի կոչում կշնորհվի, զինծառայության կմեկնեն 3 տարի ժամկետով։ Ծառայության ժամանակ նրանք աշխատավարձ կստանան։ Պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտելուց հետո ուսանողները ֆինանսական աջակցություն կստանան մագիստրատուրայում ուսումը շարունակելու համար։

«Ես եմ» ծրագիրը նախատեսված է այն նորակոչիկների համար, որոնք մարտական հերթապահություն իրականացնող զորամասում ծառայություն իրականացնելու ցանկություն կհայտնեն։ Նրանք իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, որից 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ: Արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար արձակուրդային ծախսերը հոգալու համար: